X
Մենք սոց. ցանցերում

Արտահերթ ընտրությունները սարերի ետևում չեն

Թեև ընդդիմադիր թևը բոլոր հնարավոր առիթներով հայտարարում է, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա՝ իր տեղը զիջելով ազգային համաձայնության  կառավարությանը, և մեկ տարի անց միայն կարող են անցկացվել ընտրություններ, այդուամենայնիվ, արտահերթի են պատրաստվում բոլորը՝ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը։

Դիցուք՝ ակտիվ վերադասավորումներ են կատարվում իշխող թիմում, հանդիպումներ են ընթանում մարզերի կուսակցականների հետ, «Քաղաքացիական պայմանագրի» առաջամարտիկները փորձում են պարզել տրամադրությունները հանրության շրջանում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հույս ունեն նոր ընտրությունների միջոցով կա՛մ վերահաստատել իրենց լեգիտիմությունը, կա՛մ զբաղեցնել հնարավորինս շահեկան դիրքեր ձևավորվելիք Ազգային ժողովում։

«Լուսավոր Հայաստանը» նույնպես չի թաքցնում, որ նախապատրաստական աշխատանքների մեջ են՝ կուսակցությունը արդեն ընդունում է հայտեր՝ ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերի լրացման համար։ Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանը բազմիցս շեշտել է, որ իրենք դեմ են փողոցային հեղափոխության միջոցով հերթական իշխանափոխությանը, այնպես որ պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին և արտահերթով իրենց չեն կարող «սպառնալ» իշխանությունները։

17+ կուսակցություններն էլ սկզբում կատաղի պայքար էին մղում այս գաղափարի դեմ, բայց կարծես թե իրավիճակ է փոխվել, քանի որ վերջին մի քանի այցերը մարզեր ավելի շատ քարոզարշավի են նմանվում, որի ընթացքում վերջինները ներկայացնում են իրենց տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Հստակ է, որ անկումային տրամադրություններ են իշխում դաշինքի ներսում, հատկապես ընկճախտը տեսանելի է միասնական լիդեր Վազգեն Մանուկյանի գյումրեցիներին պիտակավորելուց հետո, բայց դեռևս ջանքեր են գործադրվում կուսակցությունների ղեկավարների կողմից՝ հանդուրժելու համար Մանուկյանի «առաջնորդությունը»։ Այդ մասին է վկայում վանաձորյան հանդիպումը, որի ողջ ընթացքը Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանն ու այլոք ացկացրեցին քնած։

Ամեն դեպքում, չշեղվելով թեմայից, նկատենք, որ արտահերթ ընտրությունները սարերի ետևում չեն, որին կգնանք հավանաբար Կուսակցությունների մասին նոր օրենքով և Ընտրական օրենսգրքով։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս