Իշխող ուժի՝ արտահերթ ընտրություններ չանցկացնելու որոշման վրա որևէ ազդեցություն չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը անդրադարձավ իրենց կողմից արված այն ձևակերպմանը, որ հասարակության լայն շերտերի կողմից չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ։ Ըստ Մակունցի՝ հանրային պահանջի ձևակերպման ամենառաջին մեխանիզմներից մեկը ընդդիմության և, ընդհանրապես, քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է, և, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունը այդ պահանջը չեն ձևակերպել՝ գալով համաձայնության հարցի շուրջ, արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիք չկա։
Մակունցը շեշտեց՝ ընդդիմության կողմից հրաժարականի պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով և դրանով է պայմանավորված եղել, որ իշխող ուժը չի առարկել, ասել է՝ «շատ բարի, եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք»։ Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա իրենք նշել են, որ շարունակելու են ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս միայն կանդրադառնան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։
Պատգամավորը նկատեց՝ եթե ընդդիմությունը այսօր չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի գա և քննարկում ունենա արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, դա նշանակում է առնվազն, որ նրանք այդ ազդակը չեն ստանում։ Նաև՝ ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում են մի քանի հազար քաղաքացի և իրենք գտնում են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
Քրիստինե Հովսեփյան