«Միանշանակ, իհարկե ոտքի ենք կանգնելու: Եթե վերադառնում ենք պատմությանը, այս ողջ տարածքը և Թուրքիայի տարածքի մեծ մասը հայկական պետության տարածք են»,- այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով իբր թե Տավուշի մարզի հանձնվելիք գյուղերի թեմային:
«Այսինքն՝ մենք մինչև ու՞ր ենք գնում: Եթե խորհրդային տարիներին մի հինգ գյուղ եղել է ադրբեջանաբնակ, մենք ունեցել ենք Գանձակ, Կիրովաբադը ամբողջովին եղել է հայաբնակ: Հիմա Կիրովաբադը պիտի իրենք վերադարձնե՞ն: Կիրովաբադը կվերադարձնեն, մենք էլ հինգ գյուղը կվերադարձնենք»,- ասաց Բագրատյանը:
Պատգամավորը ընդգծեց` Գանձակը պատմական հայկական տարածք է, և այդտեղ հայերը միշտ մեծամասնություն են կազմել: Բագրատյանն ասաց, որ այդ գյուղերը հայկական են:














