«Հանուն Հայրենիքի» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նորընտիր խորհրդարանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին։ Նա մասնավորապես գրում է․
«Ազգային ժողովում հայտնված ազգային անվտանգության սպառնալիք երկու խմբակցությունների կողմից ձեռնարկված գործընթացը Հայաստանը կարող է տանել դեպի քաղաքական դեգրադացիայի նոր փուլ, ինչը կթուլացնի պետության դիմադրունակությունը, այդ թվում առաջին հերթին արցախյան հարցում: Սակայն, այդ հանգամանքը, դժբախտաբար, Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական օբյեկտիվ պատկերն է, որ արտացոլվել է հունիսի 20-ի ընտրությամբ, և թե այդ ընտրությունը, թե դրա արդյունքի հիմքով խորհրդարանի առաջին նիստը ակնառու ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական դիմադրունակության հարցի երկարաժամկետ և խորքային լուծումները խորհրդարանից դուրս են և հանրային-քաղաքական գերխնդիրը այդ լուծումները գտնելը, մշակելն ու կապիտալիզացնելն է, որը պահանջելու է համառ աշխատանք, համբերատարություն:
Այս վարքը դառնալու է այս երկու դաշինքների գերեզմանը, բայց ինձ այդ ուժերի վախճանը չի հետաքրքրում, այս ճանապարհով նրանք կործանելու են Հայաստանը, թաղելու են Հայաստանի պետականությունը։Բոլոր առողջ ուժերին, անհատներին, քաղաքացիական և քաղաքական շրջանակներին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը, մեր հայրենիքը մահաբեր այս ընթացքից»։

















