X
Մենք սոց. ցանցերում

Տրանսգենդերի մասին ֆիլմը նրա համար չէ, որ դիտեն ու գնան տրանսգենդեր դառնան

Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վազգենն ասում էր. «…Մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դո՞ւք ովքեր եք…»:

Հիմա «Ոսկե Ծիրան»-ի ու Հարություն Խաչատրյանի հավատաքննիչներին՝ ֆեյսբուքում ու անդին, ուզում ես ասել. «…Մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դո՞ւք ովքեր եք…»:

Խոսեք: Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանը «թաշկինակի չափ» երկիր է, Հայաստանում բոլորը բոլորին ճանաչում են, խոսեք…

Միջին վիճակագրական հայ քաղքենին մինչև~ հոգու խորքը վիրավորվել է՝ Սամվել Ալեքսանյանին մեդալ են տվել, շնորհակալություն են ասել՝ փառատոնին աջակցելու
համար:

Լավ են արել: Փառատոնի մեդալն է՝ ում ուզեն, կտան: Պետական պարգև չէ, պետական շքանշան չէ, պետության անունից չէ: Դուք աջակցեիք, ձեզ կտային: Թե՞ ձեզ համար ուտել-ուրանալը կենսակերպ է: Շնորհակալությունը մարդկային արժանիք է, մարդու արժանիք:

Թե՞ ձեզ միայն վերապահված է նեղանալ, որ ձեր հրավիրատոմսը պարտերում չէ, որ պարտերում է, բայց առաջին շարքում չէ, որ քսանհինգ ֆիլմի հրավիրատոմսի փոխարեն տասն եք ստացել, որ բացման կամ փակման ճաշկերույթի հրավիրատոմս չեք ստացել, որ ստացել եք, բայց խորովածը վարազի մսից չէր, այլ՝ շարքային խոզի:

Հավատաքննիչներով Սամվել Ալեքսանյանի «Փարվանա»-ներում չեք «տժժո՞ւմ», թե՞ դուք միայն Ֆրանսիական Ռիվերան եք գերադասում ու Շտրաուսի վալսերը: Փարվանաներում չեք նկարվո՞ւմ՝ ձեր «փոմփոլիկ» շորիկները նույնատիպ մազիկների հետ բռնացրած, թե՞ մոռացել եք, որ ֆեյսբուքը լավ հիշողություն ունի ու ամնեզիայով չի տառապում: Ալեքսանյանի «Սիթի»-ներում չե՞ք ամբողջ օրը, թե՞ հավատացել եք էն գովազդին, որ միսը միայն դիետիկ եք ուտում, ոսպն էլ չգիտեմ որ օվկիանոսի ձախ ափինը:

Փառատոնի բացմանը մարզահամերգայինի բարձունքում Հրազդանի կիրճի տարատեսակ փարվանաների խառնիճաղանչ ոռնոցը՝ «Ջան ախպերս»-ի ու «Գնա, գնա»-ի տեսքով, շուրջ երկու ժամ անընդհատ ուղեկցեց փառատոնի հյուրերին: Կարծում եք մի քանի հազար այլմոլորակային էր իջել Հրազդանի կիրճ, թե «Գնա, գնա»-ի տակ արգենտինական տանգո էր պարում հայ հասարակության մի քանի հազարը:

Իսկ փառատոնի ավելի քան 120 ֆիլմերից քանի՞սը դիտեց միջին վիճակագրական հայ քաղքենին, մի քանի տասնյակ երկրների ֆիլմարտադրության ձեռքբերումներից քանիսի՞ն ծանոթացավ անուղղելի հայ քաղքենին, Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Ռոտերդամի վերջին ու լավագույն ֆիլմերից քանի՞սը վայելեց, երևանյան քանի՞ պրեմիերայի մասնակցեց, հայկական քանի՞ ֆիլմ դիտեց բերանը մշտապես ծովից-ծով բաց հայ քաղքենին և ինչո՞ւ հանկարծ 120-ից ավելի ֆիլմերի մեջ բարձրաճաշակ հայ քաղքենուն բաժին ընկավ հենց այն ֆիլմը, որը պատմում էր մի տրանսգենդերի ու հասարակության, տրանսգենդերի ու նրա ընտանիքի բազմաշերտ խնդիրների մասին:

Տրանսգենդերի մասին ֆիլմը նրա համար չէ, որ դիտեն ու գնան ու տրանսգենդեր դառնան: Նրա համար է, որ մտածեն երևույթի մասին, արմատների մասին, մարդկանց մանկության, ծնողների նևրոզների, հասարակության ու շատ բաների մասին: Ու ընդհանրապես՝ փառատոնային ֆիլմերը մտածելու համար են ու ոչինչ հնարավոր չէ անել նրանց հետ, ում համար ֆիլմը «Քարե դարդն է» կամ «Մոր խոստումը»:

«Յախկ, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա» արժեհամակարգից դուրս չենք գալիս:

Մի բան էլ Դավիթ Սահակյանցի՝ Davit Sahakyants կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու ու մյուս հայտարարությունների մասին:

Ես ինձ իրավունք չէի վերապահի անդրադառնալ, եթե Դավիթի հետ անձնական հարաբերություններ չունենայի, եթե անցած մեկ ու կես ու մի քիչ ավելի տարում Հարություն Խաչատրյանի մեծ ներդրման կողքին իմ փոքրիկ ներդրումը չունենայի կինոյի տան դռները բացելու, կինոմթնոլորտը վերադարձնելու, նոր կինոմշակույթ ձևավորելու, կինեմատոգրաֆիստների նոր միություն ունենալու, երիտասարդական նոր հարթակներ ձևավորելու, կինոժառանգությունը պահպանելու, կինոյի երախտավորներին մեծարելու, օրենսդրական փոփոխություններ ձեռնարկելու ու բազմաթիվ այլ գործերում, որն, անհավատալիորեն, արվել է ընդամենը անցած մեկ ու կես տարում ու գրեթե առանց ֆինանսավորման:

Եվ սա այն դեպքն է, երբ ճշմարտությունն ավելի թանկ է, քան ցանկացած բարեկամություն:

Ես անկեղծորեն ցավում եմ Դավիթ Սահակյանցի համար: Ոչ այն պատճառով, որ վերջինս իր և իր մոր՝ մուլտիպլիկատոր Լյուդմիլա Սահակյանցի, անունից դիմում է ներկայացրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու վերաբերյալ: Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ցանկություններում և այս կամ այն կառույցին անդամակցելու իր մտադրություններում:

Ցավում եմ, որ Դավիթ Սահակյանցը խորը թյուրիմացությունների մեջ է, այդ թվում և բարոյականության իր ընկալումներում:

«Ոսկե Ծիրանը» մեծ ճանաչում և համբավ ունեցող միջազգային կինոփառատոն է, որի նպատակներից է նաև հանդիսատեսին, հայ կինոգործիչներին ծանոթացնել կինոարվեստի, ժամանակակից կինոմտածողության, կինոլեզվի, մեր օրերում ստեղծվող կինոյի, այդ կինոն և կինոմտածողությունը ստեղծող ռեժիսորների, պրոդյուսերների և այլոց հետ: Այս առաքելության ճանապարհին՝ ի թիվս այլ ֆիլմերի, տարբեր տարիների փառատոնում ցուցադրվել են նաև միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր, որոնք արծարծել են սեռական բռնություններին, փոքրամասնություններին, սեռերի միջև փոխհարաբերություններին ու նման խնդիրներին առնչվող թեմաներ:

Կինոն արվեստ է և կինոյի նպատակը չէ որևէ մեկին սեռական կողմնորոշում հուշելը: Արվեստային կինոյի նպատակը խնդրի մասին կինոյի, կինոարվեստի լեզվով խոսելն է: Մնացածը ընկալման խնդիր է: Ու չեմ կարծում, թե Դավիթի ընկալումներն այլ են: Ուղղակի քաղաքականությունը նաև էպատաժ է սիրում, իսկ Դավիթն այս պարագայում քաղաքականություն է անում, բայց անհասկանալիորեն՝ փառատոնի հետ:

Ինչ վերաբերվում է Դավիթ Սահակյանցի հայտարարություններին՝ կապված կինեմատոգրաֆիստների միության գործունեության հետ, ցավում եմ, որ վերջինիս բարոյական ընկալումները սրացումներ չեն ապրել այն օրերին, երբ ինքը միության անդամ էր ու… մինչև վերջ թալանվում էր հայկական կինոն, ամուր փակված էին միության դռները, անխղճորեն վաճառվում էին բոլոր հիմնական ենթակառուցվածքները, փոշիանում էր ունեցվածքը, փթում, աղբի ու աղտեղության մեջ կորում էր կինոյի տան լեգենդար մեծ դահլիճը, վարձակալության պայմանագրեր էին կնքվում, որոնք իրենց մեջ հանցակազմ են պարունակում ու ընդհանրապես՝ հանցակազմ պարունակող գործունեությունից անպակաս էր միությունը, թեպետ, հայրենասիրաբար, միության հաշվին Նժդեհի մասին գրքեր էին հրատարակվում, հայրենասիրական ճառեր էին ասվում՝ կամուֆլյաժներ հագած:

Ի վերջո, բարոյական ընդվզում կարելի էր ապրել, երբ տարիներ շարունակ Դավիթ Սահակյանցի կինոստուդիան պետությունից ֆինանսավորվում էր ավելի, քան ամբողջ հայ մուլտիպլիկացիան: Կարելի էր բարոյական լինել և հրաժարվել այդ մենաշնորհից:

Եվ միայն այսօր, երբ վերջին մեկ տարի ինը ամսում ավելի քան 24.000 հանդիսական է անվճար այցելել կինոյի տուն, հիմնովին վերանորոգվել է կինոյի տան մեծ դահլիճը, ցուցադրվել է ավելի քան 182 հայկական ֆիլմ, իրականացվել են մանկապատանեկան ծրագրեր, որոնց ընթացքում, ի դեպ, նաև Ռոբերտ և Դավիթ Սահակյանցի ֆիլմերն են ցուցադրվել՝ վերջինիս մասնակցությամբ քննարկումներով, ավելի քան 200 հանդիպում, բանավեճ, կինոքննարկում է կազմակերպվել, մեծարվել և մեծարվում են հայկական կինոյի երախտավորները, միություն են «վերադարձել» հայ կինոյի լեգենդները՝ այդ թվում և Դավիթի հայրը՝ Ռոբերտ Սահկյանցը, Դավիթը պատիվ չի համարում լինել այդ միության կազմում, որովհետև «Ոսկե Ծիրանում» ցուցադրվել է մի ֆիլմ, որն անդրադառնում է մի տրանսգենդերի ողբերգությանը և այդ ֆիլմը մրցանակ է ստացել փառատոնի ժյուրիի կողմից:

Իսկ Դավիթ Սահակյանցի նոստալգիկ հակումներին դեպի Ռուսաստանի կինոմիություն, հարկ չեմ համարում անդրադառնալ: Միայն նշեմ, որ Հայաստանն անկախ պետություն է և անկախ է նաև Հայաստանի կինոգործիչների միությունը:

Հ.Գ.
Այս երկար գրությունը հատուկ միայն ֆեյսբուքում եմ հրապարակում, որովհետև հայ քաղքենին միայն ֆեյսբուք է կարդում: Բոլոր առողջ քննադատությունները՝ կապված փառատոնի հետ, աներևակայելիորեն անհրաժեշտ են: Ինքս բազմաթիվ դիտարկումներ ունեմ ու կանեմ, բայց դրանք հայ քաղքենու քիմքի համար չեն: Կներեք: Մանավանդ, որ նրանց գոյությունը մեր կյանքում է անհիշելի ժամանակներից: Հիշում ե՞ք «բյուրավոր ու բութ հավատացյալների» մասին Սևակյան խոհը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս