Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հուլիսի 16-ին հանդիպեցի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի հետ:
Կարևորեցինք դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված առարկայական ծրագրերի իրականացումը:
Զրուցակցիս ուշադրությունը հրավիրեցի մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա: Ընդգծեցի, որ Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրքի բերումով չունի անմիջական ելք դեպի ծով, այլև չորս սահմաններից երկուսը փակ են։ Այս առումով առաջարկեցի տիկին Ուտոյկամանուին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։ Վերջինս խոստացավ ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները:
Բացի այդ, մտահոգություն հայտնեցի Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ։ Մատնանշեցի, որ վերոնշյալը ոչ միայն բացասաբար է ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլև էականորեն խախտում է տարածաշրջանի հիդրոլոգիական և կենսոլորտային հավասարակշռությունը:

















