Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա) Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացքի մասին:
Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտեց՝ Արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն լոկ միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին պրոցեսը, քանի որ այն նպաստելու է միջազգային ճիշտ ընկալումների ձևավորմանը:
«Ընդհանրապես, դատական պրոցեսի ընթացքում մենք ներկայացնում ենք հիմնավոր, միջազգային իրավունքի տեսանկյունից պատճառաբանված փաստարկներ: Մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, որը չի կարող չվերաբերել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Վերաբերում է ուղղակիորեն: Մենք ներկայացնում ենք հայկական կողմի ընկալումները և դիրքորոշումները հիմնավոր և մասնագիտական կերպով և դա անում ենք միջազգային իրավունքի լեզվով, ինչը շատ կարևոր է: Եվ դրա հիման վրա, կարծում եմ, ձևավորվելու է միջազգային աջակցությունը այս ուղղությամբ: Դրա համար այս գործի կարևորությունը ոչ միայն լոկ դատարանի որոշումն է, այլև ինքնին պրոցեսը: Երբ մենք սկիզբ ենք տալիս այդ գործընթացին, այդ ընթացքում հրապարակային ելույթներ են լինում, բանավոր լսումներ են լինում, մենք պարզ ներկայացնում ենք մեր փաստարկները, և դա տեսնում են բոլորը: Հետևաբար, կարծում եմ՝ սա նաև կարծիք ձևավորող պրոցես է: Այս պրոցեսը հիմնախնդրի միջազգային ընկալումները ճիշտ ձևակերպելու մասին է: Այս տեսանկյունից, կարծում եմ, շատ կարևոր պրոցես է», – ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։














