Արմավիրի մարզում քիչ է զարգացած տուրիզմը: Տուրիստական հիմնական երթուղին «Զվարթնոց» տաճարը, Էջմիածինն ու Սարդարապատի հուշահամալիրն են: Մարզում նույնիսկ դժվար է գտնել հայկական խոհանոց:
«Մեր մարզը մի քիչ հետ է մնացել տուրիզմից: Ցուցադրելու շատ բան չունենք: Այս տարածքում Սարդարապատն է, շատերը գալիս, զանգերը տեսնում, գնում են, նույնիսկ թանգարան չեն մտնում: Ունենք Մեծամորի թանգարանը, բայց վստահ եմ՝ հայերի 99 %-ը տեղյակ չի դրա մասին: Ունենք Երվանդաշատ, Բագարան գյուղերը, հրաշալի տեսարան ունենք, հին եկեղեցիներ, բայց նորմալ ճանապարհ չունենք, որ տուրիստը գնա այնտեղ: Հետո էլ տուրիստական կազմակերպությունները նախընտրում են մոտ տարածքներ տանել մարդկանց, որտեղ կոմունիկացիաները շատ թե քիչ լավ վիճակում են»,- ասում է Անուշավան Քալաշյանը:
Անուշավանը 16 տարի ծառայել է հայկական բանակում և սեփական դիմումով, մայորի կոչումով ազատվել է ծառայությունից: Մտքով չի անցել այլ գործով զբաղվել, բիզնես ունենալ: Կուրսանտ եղած տարիներին մեկ անգամ ընկերների հետ որոշել է գարեջրի վաճառքով զբաղվել: Կոտայքից գարեջուրը բերել են Արմավիր, որպեսզի վաճառեն, բայց ոչ թե վաճառել են, այլ խմել ու հյուրասիրել: Այդպես էլ չի հաջողվել բիզնես անել: Ավելի ուշ ունեցել է տնտեսական ոչ մեծ խանութ:
«2011թ., երբ ծառայությունից դուրս եկա, Արմավիր քաղաքում նորմալ որակի հաց չէի կարողանում գտնել, խանութից գնած հացը չէի կարողանում ուտել: Գնում Երևանից էի գնում: Մեր լավաշը, հացը թխել է տատս: Իրենից հետո արդեն չէի կարողանում հաց գնել: Քաղաքի փողոցով անցնելիս տեսա մի տարածքի վրա գրված է՝ «վաճառվում է», միտք առաջացավ հացի փուռ բացել: Վարկավորումը մի քիչ ուշացավ, այդ տարածքը վաճառեցին, բայց չհանձնվեցի: Քիչ վերև տեսա էլի տարածք է վաճառվում, գնեցի»,- պատմում է Անուշավանը:
Հացի փուռ ունենալուց 3 տարի հետո որոշել է տարածքը դարձնել հացատուն և ընդունել արտասահմանցի տուրիստներին, հայ ընտանիքներին, ովքեր սիրում են գյուղն ու գյուղական միջավայրը: «Մեր հայաթ»-ում ամեն ինչ կառուցել է հայկական մոտիվներով և փորձում է ցույց տալ հայ գյուղացու կենցաղն ու մշակույթը:
Անուշավանը տարածքը կառուցապատել է վարկային միջոցներով, սակայն ասում է՝ վարկերը մատչելի չեն: «Բոլոր գովազդները սուտ են, վարկերի տոկոսները շատ բարձր են ու երկարաժամկետ չեն: Իմ վարկը 13 % է, վերցրել եմ 2013թ-ին և դոլարով, դրամ չէին տալիս: Մինչև հիմա վարկը փակում եմ: Չեմ նեղվում, բայց արձակուրդ չեմ կարող գնալ, հանգստանալ չեմ կարող, քանի որ բարձր տոկոսով վարկ եմ փակում»,- նշում է Անուշավանը:
Նա ունի ներդրումային ծրագիր և սպասում է մարզում աշնանը կայանալիք «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» բիզնես համաժողովին: Հույս ունի, որ իր ծրագիրը հավանության կարժանանա և կստանա ֆինանսական աջակցություն: Անուշավանը փնտրում է գործընկեր՝ տեղում գյուղական տուրիզմը զարգացնելու և արտադրություն հիմնելու համար, սակայն դեռ ցանկացողներ չկան:
«Մեր հայաթ»-ն ունի 8 աշխատակից: Ամենացածր աշխատավարձը՝ 120 000 դրամ, ստանում է հավաքարարը, սակայն ամսվա ընթացքում այն հասնում է մինչև 180 000 դրամի, քանի որ հյուրերի առկայության դեպքում աշխատակիցը երկար է մնում, որի դիմաց վճարվում է: Այս պահին 5 աշխատողի կարիք ունեն, սակայն չեն կարողանում գտնել: Նույնիսկ պատրաստ են տեղում սովորեցնել, բայց դիմող չկա:

















