Գլխավոր
25.07.2019

Կաձուո Իշիգուրո Անկայուն աշխարհի նկարիչը (հատված վեպից)

Կաձուո Իշիգուրո  Անկայուն աշխարհի նկարիչը (հատված վեպից)

ՀՈԿՏԵՄԲԵՐ
1948

Եթե մի արևոտ օր բարձրանաք զառիթափ արահետով, որը սկսում է շրջակայքում դեռևս «Տարակուսանքի կամուրջ» կոչվող փայտե փոքր կամրջից, շատ քայլելու կարիք չի լինի, մինչ երկու գինկգոյի ծառերի կատարների միջից տեսանելի դառնա իմ տան տանիքը: Նույնիսկ, եթե այն այդքան էլ իշխող դիրք չի զբաղեցնում բլրի վրա, այնուամենայնիվ տարբերվում է մոտակայքում եղած մյուս բոլոր տներից, այնպես որ, երբ բաձրանաք արահետով, կարող է զարմանաք, թե ինչ հարուստ մարդ է դրա տերը:
Բայց և այնպես, ես հարուստ չեմ, ոչ էլ երբևէ եղել եմ: Թե տունն ինչու այդքան տպավորիչ տեսք ունի, հասկանալի կլինի, եթե տեղեկացնեմ, որ այն կառուցել է նախկին տերը, ով նույն ինքը Ակիրա Սուգիմուրան է: Իհարկե, պետք է նորեկ լինեք այս քաղաքում, որ Ակիրա Սուգիմուրայի անունը ձեզ ծանոթ չլինի: Բայց հիշատակեք այն պատերազմից առաջ այստեղ ապրած ցանկացած մարդու մոտ և կիմանաք, որ երեսուն կամ մոտավորապես այդքան տարի, նա անկասկած եղել է քաղաքի ամենահարգված և ազդեցիկ մարդկանցից մեկը:
Եթե գաք բլրի գագաթ, կանգնեք ու նայեք ընտիր մայրիից պատրաստված դարպասին, ցանկապատով սահմանազատված լայն տարածքին, եզրերը պճնագեղ փորագրված և ամբողջ պատկերից առանձնացող բարձրակարգ կղմինդրե տանիքին, կարող եք շատ զարմանալ, թե ինչպես եմ ձեռք բերել այսպիսի ունեցվածք երբ պնդում եմ, թե համեստ կարողությունների տեր մարդ եմ: Ճշմարտությունն այն է, որ այդ տունը գնել եմ մի պայմանական գումարով, որն այդ ժամանակվա նրա արժեքի նույնիսկ կեսը չէր: Դա հնարավոր եղավ Սուգիմուրա ընտանիքի՝ վաճառքի ժամանակ նախաձեռնած մի շատ տարօրինակ, որոշ մարդիկ գուցե ասեն հիմար, ընթացակարգի շնորհիվ:
Այժմ դա արդեն մոտավորապես տասնհինգ տարվա բան է: Այդ օրերին, երբ իմ ֆինասական դրությունն ամսե ամիս կարծես բարելավվում էր կինս սկսեց ինձ հորդորել, որ նոր տուն փնտրեմ: Իր սովորական հեռատեսությամբ նա պնդում էր մեր դիրքին հարմար տուն ունենալու անհրաժեշտությունը. ոչ սնապարծությունից, այլ հանուն մեր երեխաների ամուսնության հեռանկարի: Սրա մեջ ես իմաստ տեսնում էի, բայց մինչ մեր ավագը՝ Սեթսուկոն, դեռ տասնչորս – տասնհինգ տարեկան էր, այդ հարցին շտապողաբար չէի վերաբերում: Այնուամենայնիվ գրեթե մեկ տարի, երբ լսում էի հարմար տուն է վաճառվում, հիշում էի, որ պետք է հետաքրքրվեմ: Իմ աշակերտներից մեկն էր, ով առաջինն ուշադրությունս հրավիրեց, թե Ակիրա Սուգիմուրայի տունը, նրա մահվանից մեկ տարի հետո, վաճառվում է: Անհեթեթություն էր թվում, որ ես այդպիսի տուն կգնեմ, այդ առաջարկը վերագրեցի այն չափազանցված հարգանքին, որ աշակերտներս միշտ ունեին իմ նկատմամբ: Այնումենայնիվ, սկսեցի հետաքրքրվել և անսպասելի պատասխան ստացա:
Մի առավոտ ինձ այցելեցին երկու գոռոզ, ալեխառն մազերով կանայք, որոնք, ինչպես պարզվեց Ակիրա Սուգիմուրայի դուստրերն էին: Երբ զարմանքս արտահայտեցի այդքան արժանավոր ընտանիքի կողմից անձնական ուշադրություն ստանալու համար, քույրերից մեծը սառնորեն ասաց, որ չեն եկել պարզապես քաղաքավարությունից դրդված: Նախորդ ամիսներին մեծ քանակությամբ հարցումներ են ստացել իրենց հանգուցյալ հոր տան վերաբերյալ, բայց ընտանիքն ի վերջո որոշել է չորս դիմումներից բացի բոլորը մերժել: Ընտանիքի անդամներն, այս չորս թեկնածուներին խնամքով ընտրել են, հաշվի առնելով բացառապես նրանց լավ համբավը և ձեռքբերումները:
-Մեր համար առաջնային կարևորություն ունի, – շարունակեց նա, – որ մեր հոր կառուցած տունն անցնի այն մարդուն, ում նա իր հավանությունը կտար և արժանի կհամարեր: Իհարկե, հանգամանքները ստիպում են հաշվի առնել նաև ֆինանսական կողմը, բայց դա խիստ երկրորդական է, և մենք գինը սահմանել ենք ելնելով դրանից:
Հենց այդ պահին փոքր քույրը, ով գրեթե չէր խոսել, ինձ հանձնեց մի ծրար և մինչ բացում էի այն, նրանք խոժոռ նայում էին ինձ: Ծրարի մեջ թղթի միայն մի կտոր կար, որի վրա թանաքի վրձնով գեղեցիկ թվեր էին գրված: Զարմանքս էի պատրասվում արտահայտել այդքան էժան գնից, բայց նրանց դեմքերից հասկացա, որ դրամական քննարկում սկսելը անախորժ կհամարվի: Ավագ քույրը պարզապես ասաց,- Ձեզնից ոչ մեկի շահերից չի բխի ավելի բարձր գին առաջարկել, քան մյուսը: Մենք հետաքրքրված չենք նշված գնից ավել որևէ բան ստանալ: Մեր նպատակն է միայն հեղինակության աճուրդ կազմակերպելը:
Նա բացատրեց, որ իրենք անձամբ եկել են Սուգիմուրա ընտանիքի կողմից պաշտոնապես խնդրելու, որ իհարկե մյուս երեք մասնակիցների հետ միասին, ինքս ինձ ներկայացնեմ իմ տվյալների և լիզորագրերի մանրամասն ուսումնասիրության համար: Այսպես էր ընտրվելու հարմար գնորդը:
Առարկելի ոչինչ չէի տեսնում՝ չնայած դա արտասովոր ընթացակարգ էր. ամենից զատ, այն նման էր ամուսնական գործարքի մեջ ներգրավված լինելուն: Այս հին և պահպանողական ընտանիքի կողմից արժանի թեկնածու համարվելու համար ես ինձ, իհարկե, ինչ որ կերպ շոյված էի զգում: Երբ համաձայնությունս տվեցի այդ ուսումնասիրությանը մասնակցելուն և երախտագիտությունս հայտնեցի նրանց, փոքր քույրն առաջին անգամ դիմեց ինձ,- Պարոն Օնո, մեր հայրը կրթված մարդ էր, շատ էր գնահատում արվեստագետներին: Իհարկե, նա ծանոթ էր Ձեր աշխատանքին:
Սրան հաջորդած օրերին, ես անցկացրեցի իմ սեփական հետաքննությունը և հայտնաբերեցի ճշմարտություն փոքր քրոջ խոսքերում. Ակիրա Սուգիմուրան իրոք եղել էր արվեստով տարված մարդ, ով բազմիցս դրամական միջոցներով օժանդակել էր ցուցահանդեսներին: Ես հանդիպեցի նաև որոշ հետաքրքիր ասեկոսեների. Սուգիմուրա ընտանիքի զգալի մասը կարծես ընդհանրապես դեմ է եղել տան վաճառքին և ունեցել են որոշ սուր վիճաբանություններ: Վերջ ի վերջո ֆինանսական ճնշումները ցույց են տվել, որ վաճառքն անխուսափելի է, և գործարքի շուրջ տարօրինակ ընթացակարգը տունը վաճառել չցանկացողների հետ ձեռք բերված փոխզիջման պատկերն էր: Որ այս ամենում ինչ-որ գոռոզ բան կար, անհերքելի էր, բայց ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստվում էի ըմբռնումով մոտենալ այսպիսի աչքի ընկնող պատմություն ունեցող ընտանիքի զգացումներին: Իմ կինն, այնուամենայնիվ, բարյացկամորեն չէր վերաբերում ուսումնասիրության գաղափարին:
-Կարծում են իրենք ո՞վ են,- բողոքում էր նա:- Մենք պետք է ասենք, որ այսուհետ չենք ցանկանում նրանց հետ որևէ գործ ունենալ:
– Բայց ի՞նչ վատ բան կա,- ասում էի ես:- Մենք ոչինչ չունենք, որ չցանկանանք նրանք երևան հանեն: Ճիշտ է ես անցյալում հարուստ չեմ եղել, բայց Սուգիմուրաներն, անկասկած, այդ մասին գիտեն, և դեռ մեզ համարում են արժանի թեկնածու: Թող ուսումնասիրեն, նրանք միայն կարող են գտնել այնպիսի բաներ, որոնք մեզ համար նպաստավոր են:- Եվ վստահեցնում էի՝ հավելելով,- ամեն դեպքում նրանք ավելին չեն անելու, քան կանեին, եթե նրանց հետ ամուսնության գործարք կնքեինք: Այսպիսի բաների պետք է ընտելանանք:
Բացի այդ, հիանալի է, ինչպես մեծ քույրն էր այն անվանում, «հեղինակության աճուրդի» գաղափարը: Մի բան է զարմացնում՝ ինչու գործերն այս կերպ ավելի հաճախ չեն վճռվում: Այսպիսի մրցակցությունը, որտեղ մարդու բարոյական վարքն ու ձեռքբերումներն ավելին են վկայում, քան նրա քսակի չափը, շատ ավելի պատվաբեր է: Մինչև հիմա դեռ հիշում եմ այն խորը բավարարվածությունը, որ զգացի, երբ իմացա, որ Սուգիմուրաները մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ինձ համարել են ամենաարժանին իրենց այդքան գնահատած տան համար: Իհարկե այդ տունն արժե որոշ անհարմարություններ հանդուրժելու համար: Չնայած դրա ազդեցիկ և տպավորիչ արտաքին տեսքին, ներսից այն հաճելի է. բնական փայտն ընտրված էր ըստ իր գեղեցիկ կառուցվածքի, և մենք բոլորս, որ ապրում էինք այդ տանը, գտնում էինք, որ այն առավելապես նպաստում է հանգստին և անդորրին:
Չնայած այդ ամենին՝ Սուգիմուրաների գոռոզությունը գործարքների ժամանակ ամենուր ակնհայտ էր, ընտանիքի որոշ անդամներ մեր նկատմամբ ատելությունը թաքցնելու ոչ մի փորձ չէին անում, և ավելի քիչ համբերատար գնորդը կարող էր լավ վիրավորվել և հրաժարվել ամբողջ գործից: Նույնիսկ հետագա տարիներին, երբ պատահաբար հանդիպում էի ընտանիքի որոշ անդամների, սովորական քաղաքավարական զրույց ունենալու փոխարեն, նրանք փողոցում կանգնում և ինձ հարցուփորձ էին անում տան վիճակի մասին կամ՝ արդյոք արել եմ որևէ փոփոխություն:
Այս օրերին ես գրեթե երբեք չեմ լսել Սուգիմուրաների մասին: Այնուամենայնիվ կապիտուլյացիայից քիչ հետո ինձ այցելեց երկու քույրերից փոքրը, որը վաճառքի ժամանակ մոտեցել էր ինձ: Պատերազմի տարիները նրան դարձրել էին վտիտ, վատառողջ ծեր կին: Իր ընտանիքին բնորոշ կերպով նա գրեթե ջանք չէր գործադրում թաքցնել, որ առավել հետաքրքրքրված է թե ինչ վիճակում է տունն, այլ ոչ դրա բնակիչները, ինչպես է այն փոխվել պատերազմի ժամանակ: Երբ լսեց Քենջիի և կնոջս մասին, հայտնեց ամենակարճ ցավակցությունները՝ նախքան ռմբակոծության մասին հարցերով ինձ ծանրաբեռնելը: Սա ինձ չարացրեց նրա հանդեպ, բայց հետո սկսեցի նկատել, թե ինչպես են նրա աչքերն ինքնաբերաբար թափառում սենյակում և թե ինչպես էր երբեմն կտրուկ դադար տալիս իր չափված ու ձևական նախադասությունների մեջտեղում, և գիտակցեցի՝ հուզմունքից ալեկոծվում է, որ նորից վերադարձել է տուն: Երբ ենթադրեցի, որ վաճառքի ժամանակներից հետո նրա ընտանիքի անդամներից շատերն այժմ մահացել են, սկսեցի խղճալ նրան և առաջարկեցի ցույց տալ տունն ու այգին:
Տունը կրել էր պատերազմի իր բաժին վնասները: Ակիրա Սուգիմուրան կառուցել էր տան արևելյան թևն, այն բաղկացած էր երեք մեծ սենյակներից, որոնք տան հիմնական մասի հետ կապվում էին դեպի բակի մի կողմն իջնող երկար միջանցքով: Միջանցքն այնքան արտասովոր երկար էր, որ որոշ մարդիկ ասում էին, թե Սուգիմուրան հավանաբար կառուցել է այն արևելյան թևի հետ միասին իր ծնողների համար, քանի որ ցանկանում էր հեռու պահել նրանց: Միջանցքն, այնուամենայնիվ, տան ամենագրավիչ մասերց էր. առավոտյան այն ամբողջ երկարությամբ խաչաձևում էին դրսի ծառերի սաղարթների լույսերն ու ստվերներն, այնպես որ մարդ կարող էր մտածել թե քայլում է այգու թունելով: Ռմբակոծության ամենաշատ վնասները հասել էին տան այս հատվածին. երբ մենք նայում էինք այգու կողմից, տեսա, որ տիկին Սուգիմուրան քիչ էր մնում լաց լիներ: Հենց այս պահից ես կորցրեցի այդ ծեր կնոջ նկատմամբ նախկինում ունեցած ողջ զայրույթս և որքան կարող էի հանգստացրեցի նրան, որ առաջին իսկ հնարավորության դեպքում վնասված մասերը կվերանորոգեմ և տունը նորից կլինի այնպիսին, ինչպիսին կառուցել էր իր հայրը:
Երբ ես նրան խոստանում էի, չէի պատկերացնում, որ պաշարներն այդքան սակավ մնացած կլինեն: Հանձնվելուց հետո, դեռ երկար ժամանակ, շաբաթներով պետք էր սպասել որոշակի տեսակ փայտի կամ ինչ-որ քանակի մեխի համար: Այն աշխատանքն, ինչ կարող էի անել այսպիսի պայմաններում, պետք է արվեր տան հիմնական մասի վրա, որը ոչ մի կերպ չէր խուսափել վնասվելուց, այգու միջանցքի և արևելյան թևի վրա աշխատանքները դանդաղում էին: Ինչ կարող եմ, արել եմ, որ կանխեմ վիճակի որևէ լուրջ վատթարացում, բայց մենք դեռ հեռու ենք տան այդ մասը վերաբացելուց: Բացի այդ, այժմ, երբ այստեղ մնացել ենք միայն Նորիկոն և ես, մեր ապրելու տարածքն ընդլայնելու հարցը թվում է քիչ հրատապ:
Այսօր, եթե ձեզ տանեմ տան հետնամասը և մի կողմ հրեմ ծանր վարագույրը, որպեսզի նայեք ներքև՝ Սուգիմուրայի այգու միջանցքի մնացորդներին, այն դեռևս ձեզ կտպավորի իր երբեմնի գեղեցկությամբ: Բայց անկասկած դուք նաև կնկատեք սարդոստայնը և բորբոսը, որոնց առաջացումը չեմ կարողացել կանխել և առաստաղի մեծ անցքերը, որ երկնքից ծածկված են միայն մոմլաթի կտորներով: Երբեմն վաղ առավոտյան այդ վարագույրը հետ եմ քաշում, որպեսզի արևի լույսը գունավոր ճառագայթներով սփռվի մոմլաթի միջով՝ տեսանելի դարձնելով օդում կախված փոշին, այնպես, կարծես առաստաղը հենց այդ վայրկյանին է փլվել:
Միջանցքից և արևելյան թևից հետո ամենաշատը ծածկապատշգամբն էր վնասվել: Իմ ընտանիքի անդամներն ու հատկապես երկու դուստրերս միշտ սիրել են այնտեղ նստած զրուցելով և այգուն նայելով ժամանակ անցկացնել, ուստի, երբ Սեթսուկոն՝ իմ ամուսնացած դուստրը, առաջին անգամ այցելեց մեզ, ես չզարմացա՝ տեսնելով թե որքան նրան տխրեցրեց ծածկապատշգամբի վիճակը: Դրանից հետո ես վերանորոգել եմ ամենաշատ վնասված մասերը, բայց մի ծայրը, որտեղ պայթյունի հարվածը ներքևի տախտակները վեր էր հանել, դեռ վեր բարձրացած և ճաքած էր: Ծածկապատշգամբի տանիքը նույնպես վնասվել էր, և անձրևոտ օրերին մենք հատակին ամաններ էինք շարում, որպեսզի կաթող ջուրը հավաքվի դրանց մեջ:
Անցյալ տարի, այնուամենայնիվ, հասա որոշակի հաջողությունների, և երբ Սեթսուկոն անցյալ ամիս կրկին այցելեց մեզ ծածկապատշգամբն ամբողջությամբ քիչ թե շատ վերանորոգված էր: Նորիկոն քրոջ այցի կապակցությամբ արձակուրդ էր վերցրել, և իմ երկու դուստրերը, ինչպես նախկինում՝ դեռևս ձգվող տաք եղանակին, իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին այնտեղ: Ես հաճախ միանում էի նրանց, և կարծես տարիներ առաջ լիներ, երբ արևոտ օրերին ընտանիքը նստում էր այնտեղ հանգստանում էր և հաճախ պարապ խոսակցություններ վարում:
Անցյալ ամիս մի անգամ, պետք է որ Սեթսուկոյի ժամանելուց հետո առաջին առավոտը լիներ, նախաճաշից հետո մենք նստած էինք ծածկապատշգամբում, երբ Նորիկոն ասաց,
-Ես հանգստացա, որ դու վերջապես եկար, Սեթսուկո: Հայրիկի հոգսը փոքր-ինչ կվերցնես ինձանից:
-Նորիկո՛, իսկապե՞ս…: – Նրա մեծ քույրն անհարմար շարժվեց իր բարձի վրա:
– Հայրիկն այժմ, երբ աշխատանքը թողել է, ավելի շատ խնամք է պահանջում, – շարունակեց Նորիկոն չարաաճճի ժպիտով,- կամ պետք է նրան անընդհատ զբաղեցնես, կամ նա սկսում է թախծել:
-Իսկապե՞ս…,- Սեթսուկոն նյարդային ժպտաց, այնուհետև շրջվեց դեպի այգին և հոգոց հանեց:- Թխկին կարծես ամբողջությամբ վերականգնվել է, հիանալի տեսք ունի:
– Սեթսուկոն հավանաբար գաղափար չունի թե ինչպիսին ես դու այժմ, Հայրիկ: Նա քեզ հիշում է միայն այն ժամանակներից, երբ դու բռնակալ էիր և մեզ բոլորիս կարգադրություններ էիր անում: Հիմա դու շատ ավելի մեղմ ես, այդպես չէ՞:
Ես ծիծաղեցի, որպեսզի ցույց տամ Սեթսուկոյին, որ այս ամենը լավ կատակ է, բայց իմ ավագ դուստրը շարունակում էր անհարմար զգալ: Նորիկոն շրջվեց դեպի քույրը և ավելացրեց,
– Բայց նա իրոք ավելի շատ է խնամք պահանջում՝ ամբողջ օրը տան շուրջը թախծոտ պտտվելով:
-Նա ինչպես միշտ անմտություններ է ասում, ընդհատեցի ես, եթե ես ամբողջ օրը թախծոտ լինեի, ինչպես այս բոլոր վերանորոգումները կկատարվեին:
– Իսկապես,- ասաց Սեթսուկոն՝ դեպի ինձ շրջվելով և ժպտալով:- Տունն այժմ սքանչելի տեսք ունի: Հայրիկը պետք է, որ շատ ջանասիրաբար աշխատած լինի:
-Կային մարդիկ, որ օգնում էին նրան բոլոր դժվար հատվածներում,- ասաց Նորիկոն,- Սեթսուկո, թվում է, թե դու ինձ չես հավատում: Հայրիկը հիմա շատ է փոխվել: Այլևս նրանից վախենալու կարիք չկա: Նա շատ ավելի մեղմ է և ընտելացված:
-Նորիկո, իսկապե՞ս…
– Նա նույնիսկ երբեմն կերակուր է պատրաստում: Չես հավատում, չէ՞: Բայց Հայրիկն այժմ շատ լավ խոհարար է:
– Նորիկո, ես կարծում եմ, մենք սա արդեն բավականին քննարկեցինք,-հանդարտորեն ասաց Սեթսուկոն:
– Այդպես չէ՞ Հայրիկ, դու շատ հաջողությունների ես հասել:
Ես նորից ժպտացի և գլուխս հոգնած թափահարեցի: Որքան հիշում եմ, այդ ժամանակ էր, որ Նորիկոն շրջվեց դեպի այգին և աչքերը արևի լույսի առջև փակելով՝ ասաց.
-Երբ ես ամուսնացած լինեմ, նա չի կարող ինձ վրա հույս դնել, որ կգամ և իր համար կերակուր կպատրաստեմ: Առանց Հայրիկին խնամելու էլ շատ անելիքներ կունենամ:
Երբ Նորիկոն սա ասաց, նրա մեծ քույրը, ում հայացքը մինչ այդ համեստորեն շրջված էր այլ կողմ, արագ և հարցական նայեց ինձ:
Նրա աչքերը կրկին անմիջապես հեռացան ինձանից, որովհետև ստիպված էր պատասխանել Նորիկոյի ժպիտին: Բայց մի նոր, առավել խորը անհարմարոություն մտավ Սեթսուկոյի շարժուձևի մեջ, և նա կարծես շնորհակալ էր, երբ իր փոքր տղան արագ անցավ մեր կողքով՝ նրան թեման փոխելու հնարավորություն տալով:
-Իչիրո՛, խնդրում եմ, հանգստացի՛ր, – կանչեց նրա հետևից:
Անկասկած իր ծնողների ժամանակակից բնակարանից հետո Իչիրոն հիացած էր մեր ընդարձակ տնով: Ամեն դեպքում նա կարծես չէր կիսում ծածկապատշգամբում նստելու մեր հաճույքը՝ գերադասելով դրա երկարությամբ արագ վեր ու վար վազել՝ երբեմն սահելով ողորկ տախտակների վրայով: Մի անգամ չէ, որ նա գրեթե պետք է շրջեր մեր թեյի սկուտեղը, բայց մոր խնդրանքները, որ նստի, մինչև այժմ քիչ օգտակար էին եղել: Այս անգամ նույնպես, երբ Սեթսուկոն կանչեց նրան, որ նստի մեր հետ, նա նեղացած մնաց ծածկապատշգամբի ծայրին:
-Դե արի, Իչիրո՛,- կանչեցի ես,- հոգնեցի ամբողջ ժամանակ կանանց հետ զրուցելուց: Արի, նստիր կողքս, տղամարդկային բաներից խոսենք:
Նա միանգամից եկավ: Բարձը դրեց կողքիս, այնուհետև փառահեղ դիրքով նստեց՝ ձեռքերը գոտկատեղին, ուսերը լավ հետ գցած:
-Օջի՛1, – ասաց նա խստորեն, – ես մի հարց ունեմ:
-Այո Իչիրո, ի՞նչ հարց:
-Ես ուզում եմ իմանալ հրեշի մասին:
-Հրեշի՞:
-Այն նախնադարյան է՞:
-Նախնադարյա՞ն: -Դու արդեն այդպիսի բառեր գիտե՞ս: Պետք է, որ խելոք տղա լինես:
Հենց այստեղ, կարծես, Իչիրոյի արժանապատվությունը տեղի տվեց: Թողնելով իր դիրքը՝ նա սկսեց գլորվել մեջքի վրա և օդում ոտքերը թափահարել:
-Իչիրո՛,- շշնջաց Սեթսուկոն,- Այսպիսի վատ վարվելաձև պապիկիդ մո՞տ: Նստի՛ր:
Իչիրոյի միակ պատասխանն այն եղավ, որ թույլ տվեց ոտքերն անկենդան կախվեն հատակին: Հետո թևերը ծալեց կրծքավանդակի շուրջը և փակեց աչքերը:

-Օջի՛,- ասաց նա քնկոտ ձայնով, – հրեշը նախնադարյան է՞:
– Որ հրեշի մասին ես խոսում, Իչիրո՞:
– Խնդրում եմ, ներիր նրան,- ասաց Սեթսուկոն նյարդային ժպիտով:- Երեկ, երբ մենք եկանք, երկաթուղային կայարանի դրսում մի ֆիլմի ազդագիր կար: Նա տաքսու վարորդին նեղություն պատճառեց բազմաթիվ հարցերով: Դժբախտաբար, ես այդ ազդագիրը չտեսա:
-Օջի, հրեշը նախնադարյան է թե՞ ոչ: Ես պատասխան եմ ուզում….

1. Օջի-ճապոներեն նշանակում է պապիկ:

Թարգմանությունը անգլերենից՝ Շողեր Գրիգորյանի

Գրանիշ

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան