X
Մենք սոց. ցանցերում

Արժեքներ

Հայաստանի ազգային գրադարանում շուտով ուրուգվայական գրականության անկյուն կբացվի

Հայաստանի ազգային գրադարանում շուտով ուրուգվայական գրականության անկյուն կբացվի

Համատեղ նախաձեռնությունը գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը եւ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը քննարկեցին վերջինիս գրադարան կատարած աշխատանքային այցի շրջանակում: Ուրուգվայցի գրողների ստեղծագործությունները գրադարանին նվիրելու պատրաստակամություն հայտնելով՝ հյուպատոսը նշեց, որ գործակցությունն ավելի ընդգրկուն ու բազմաշերտ կարող է լինել: Քննարկվեցին նաև համատեղ թարգմանական՝ ուրուգվայցի դասականներին հայերեն, և հայ գրողների գործերը՝ իսպաներեն թարգմանելու և Ուրուգվայում հրատարակելու ծրագրեր: Իսկ մինչ այդ, Հրաչյա Սարիբեկյանը գլխավոր հյուպատոսին նվիրեց Օրասիո Կիրոգայի «Պատմություններ սիրո խենթության և մահվան մասին» ժողովածուի հայերեն թարգմանությունը և ընդգծեց, որ Կիրոգային համարում է բոլոր ժամանակների լատինաամերիկյան պատմվածքի անգերազանցելի վարպետներից մեկը՝ արտահայտելով իր հիացմունքը ուրուգվայական գրականության և հատկապես Խուան Կառլոս Օնետտիի հանդեպ:
Հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկն Ազգային գրադարանին նվիրեց «Մարաշի պատմությունը Ուրուգվայի հայերի հիշողություններում» (ENTRE LA HISTORIA Y LA MEMORIA, LOS ARMENIOS DE MARASH EN EL URUGUAY) գիրքը՝ իսպաներեն լեզվով: Գրքի հեղինակ Գուստավո Զուլամիան Օհանիանը Մարաշի հայ գաղթականներից է, ծնվել է Մարաշում եւ ապրում է Ուրուգվայում:
«1920-ական թվականներին Մեծ Եղեռնից փրկված ու Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների մի փոքր խումբ՝ ընդամենը 15 հայ տեղափոխվել են Ուրուգվայ: Այսօր արդեն հայ համայնքի բնակչությունն անցնում է 15.000-ը»,- պատմեց գլխավոր հյուպատոսը: Խոսելով հայ համայնքի մասին նա ընդգծեց, որ Ուրուգվայում ակտիվ գործունեություն են ծավալում Մարաշի, Ամանոսի և Զեյթունի հայրենակցական միությունները, բարեգործական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները, գործում է նաև հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմը:
«Հայ համայնքում հրատարակվում են նաև գրքեր և ամսագրեր հայերի, Հայաստանի և հայկական սփյուռքի մասին»,- ընդգծեց հյուպատոսը՝ գրադարանին նվիրելով Ուրուգվայում տպագրվող «HAY ENDANIK» ամսագրի 1989-2002 թվականներին հրատարակված 8 համարները:
Հանդիպման ավարտին Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանին պաշտոնապես հրավիրեց օգոստոսի 16-ին ներկա գտնվել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա կլինի նաև Ուրուգվայի Արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս