2022-10-31
Կուտականի ուղղությամբ ունենք մեկ դի. հակառակորդը թույլ չի տալիս մտնել այդ տարածք. ԳՇ պետ
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, թե իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է։ Նրա խոսքով.
«Հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, նաև՝ Սոթքի, Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ»։
Նա անդրադարձել է հակառակորդի նպատակային կրակոցներին՝ նշելով.
«Հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքի իրականացումը, քանի որ մենք նախաձեռնել ենք լայնածավալ, մեծածավալ աշխատանքների իրականացումը, ամրացնում ենք զբաղեցրած բնագծերը, դիրքերը, շրջանները»։
Նա հստակ չի պատասխանել, թե որքա՞ն տարածք է կորցվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
ԳՇ պետը խոսել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերի դուրսբերման մասին.
«Ադրբեջանական կողմի դեռևս համապատասխան թույլտվություն, որ մեր ստորաբաժանումները մտնեն, որոնեն դիերի գտնվելու վայրերը, չկա։ Ինչ վերաբերում է դիտարկումներին, այո, եղել է այդպիսի դեպք, փաստ կա, որ Կուտականի ուղղությամբ ունենք մեկ դիակ՝ դիտարկվող, մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում, այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը չի տալիս»։
Նա հստակեցրել է, որ դիտարկվել է միայն մեկ դի։
Նմանատիպ Նյութեր