2023-02-25
Կիրականացվեն անտառապատման աշխատանքներ
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնում են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը:
Ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը Լոռու մարզպետարանում ներկայացրել է իրականացվող ծրագրի մանրամասները:
Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաներ, համայնքապետարանների, մարզում անտառների կառավարման և կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող կառույցների, անտառամերձ բնակավայրերի ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
– Անտառապատման և անտառվերականգնման այս ծրագիրը նպատակաուղղված է կլիմայի փոփոխությունների հետևանքները մեղմելուն, անտառօգտագործման տեսանկյունից անտառների նկատմամբ հնարավոր ռիսկերը նվազեցնելուն և անտառային պաշարների ավելի լավ կառավարմանը,- ասել է ծրագրի համակարգող Ն. Կյուրինյանը:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանն իր խոսքում նշել է, որ Լոռու մարզպետարանը ողջունում է անտառների վերականգնման ու պահպանության նպատակով մարզում իրականացվող ցանկացած ծրագրի իրականացում և պատրաստ է աջակցել մարզում անտառածածկ տարածքների ընդլայնման յուրաքանչյուր նախաձեռնության:
Ծրագրի տևողությունը 8 տարի է, որի ընթացքում նախատեսվում է Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնել պետական անտառային ֆոնդի 4700 հեկտար հողատարածքի, 1000 հեկտար համայնքապատկան հողատարածքների անտառապատում և անտառվերականգնում, 1600 հեկտար դեգրադացված անտառների կոճղաշիվային աշխատանքների կազմակերպում, անտառամերձ բնակավայրերի 9000 խոցելի տնային տնտեսություններին աջակցության տրամադրում՝ առկա ցածր արդյունավետություն ունեցող փայտի վառարաններն ավելի արդյունավետ վառարաններով փոխարինելու համար։
Լոռու և Սյունիքի մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից:
Նմանատիպ Նյութեր