X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է FAST ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և հայաստանյան փորձառությունը լավագույնս ներկայացնելու համար:

Նախարարը կարևորել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի փորձը միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ շարունակելով ներդնել ջանքեր ուսումնական գործընթացի լավարկման և առավել արդյունավետ իրականացման համար:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն ընդգծել է՝ մեծ պատիվ է եղել Հայաստանը ներկայացնել նորարարական կրթության առաջնագծում, լինել համաշխարհային օրակարգի մաս և կիսել ՀՀ փորձը արհեստական բանականության դասավանդման ոլորտում:

Միջոցառումը մեկ հարկի տակ էր միավորել աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների, կրթության նախարարների, հետազոտական ու կրթական հաստատությունների անդամների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ այնպիսի հանրահայտ ընկերություններից, ինչպիսիք են Lenovo-ն և Apple-ը՝ քննարկելու արհեստական բանականության փոխակերպիչ դերը կրթության մեջ:

Սյուզաննա Շամախյանի տեղեկացմամբ՝ ՀՀ դպրոցներում փորձարկվող «ԱԲ սերունդ» ծրագիրը մեծ արձագանքներ է ստացել միջազգային գործընկերների շրջանում, որը փաստում է Հայաստանի ներուժը դպրոցական մակարդակում խորացված ԱԲ կրթության ներդրման և կրթական նորարարության առաջնորդման ասպարեզում:

Նրա խոսքով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունել են Հայաստանի՝ նորարարական կրթության ջատագով լինելու նախաձեռնողականությունն ու ցանկություն են հայտնել ավելի մանրամասն ուսումնասիրել մեր երկրի փորձն այս ուղղությամբ:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ներկայացրել են նաև ծրագրի շրջանակում մինչ օրս գրանցված արդյունքները, «ԱԲ սերունդ» կրթական ծրագրում ընդգրկված աշակերտների ձեռքբերումները:

Քննարկվել են նաև ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներին, ինչպես նաև ոլորտային կառույցների աջակցությամբ իրականացված համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեկտեղելու ջանքերը ծրագրի ընդլայնման և նոր դպրոցների ներգրավման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտային այլ հարցեր:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս