X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Նյու Յորքի գագաթնաժողովում ընդունվել Է ՄԱԿ-ի բարեփոխումների ծրագիրը

ՄԱԿ-ն ընդունել է «Ապագայի պակտը»՝ կոչ անելով, ի թիվս այլ բաների, պայքարել սովի, անհավասարության և հակամարտությունների դեմ։

Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը հաստատել է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու՝ միավորման ծրագիրը: Այդ խնդիրները տատանվում են կլիմայի փոփոխությունից և արհեստական ​​բանականությունից մինչև հակամարտությունների սրում և անհավասարության ու աղքատության աճ:

42 էջանոց «Ապագայի պակտը» կոչ է անում ՄԱԿ-ի անդամ 193 երկրի ղեկավարներին խոստումները վերածել իրական գործողությունների, որոնք կփոխեն մոլորակը։ Նպատակն է խթանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, նպաստել ներառական հասարակությունների զարգացմանը և ապահովել, որ տեխնոլոգիաները ծառայեն մարդկության ընդհանուր բարօրությանը:

Նախատեսվում է նաև միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են ՄԱԿ-ն ավելի արդյունավետ դարձնել, և բարեփոխել տասնամյակներ առաջ ստեղծված նրա ինստիտուտները, ներառյալ՝ Անվտանգության խորհուրդը։

Պակտն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրավիրած երկօրյա «Ապագայի գագաթնաժողովի» բացման ժամանակ։

Գերմանիայի և Նամիբիայի միջնորդությամբ մշակված Պակտի հաստատման արարողության սկզբում Մոսկվայի ներկայացուցիչը՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ծրագրից դուրս ելույթ է խնդրել՝ հայտարարելով փաստաթղթի տեքստում լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Կոնգոյի ներկայացուցիչը, սակայն, ներկայացրել է, այսպես կոչված, չդիտարկելու միջնորդություն, և 143 երկիր քվեարկել է Ռուսաստանի խնդրանքը չքննելու ու այն մերժելու օգտին:

Փաստաթղթի ընդունմանը դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիան, Սուդանը, Իրանը և Բելառուսը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս