2024-09-23
նախագահն ընդունել է Եվրաջասթի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է:
«Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը:
Ձեր այցելությունը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Սա նաև ընդգծում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման կարևորությունը։
Մենք ցանկանում ենք արձանագրել, որ, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին, որը նաև ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը»,- ասել է նախագահը:
Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:
«Ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր ձեռքբերումների համար, որ Ձեր երկիրն ունեցել է ոչ միայն ավելի լայն քաղաքական համատեքստում, այլ նաև համագործակցության առումով: Դուք վերջին մի քանի տարիների ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ եք արձանագրել՝ հատկապես արդարադատության ոլորտում համագործակցության շրջանակում»,- մասնավորապես ասել է Լադիսլավ Համրանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Կողմերը կարևորել են դատաիրավական համակարգում բարեփոխումների կյանքի կոչման գործում հետևողական և սկզբունքային մոտեցումները:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Եվրաջասթի միջև համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Նմանատիպ Նյութեր