2020-02-07
Հանրաքվեն կարող է անցկացվել ամենաուշը ապրիլի առաջին տասնօրյակում | Ազատություն
Ազգային ժողովից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ խորհրդարանի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի երեկվա որոշումը դեռ չի ուղարկել Հանրապետության նախագահին։
ԱԺ-ի կանոնակարգի համաձայն, Արարատ Միրզոյանը երեկվա որոշումը Արմեն Սարգսյանին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում: Նախագահը դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում նշանակում է հանրաքվե: Խորհրդարանից վստահեցրեցին, որ «սահմանված ժամկետում որոշումը կուղարկվի»։
Ի տարբերություն օրենքների, հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի ընդունած որոշման դեպքում Սահմանադրությունը չի նախատեսում նախագահի ստորագրման կամ դրա համապատասխանությունը Մայր օրենքին որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգ:
Նախագահը, ստանալով Ազգային ժողովի որոշումը, երեք օրվա մեջ հանրաքվե է նշանակում։ Իսկ քվեարկությունը անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո: Եթե ավելի պարզ ասենք, ապա հանրաքվեն կարող է անցկացվել ամենաշուտը մարտի վերջին օրերին, ամենաուշը՝ ապրիլի երկրորդ տասնօրյակում:
Հանրաքվեի դրված հարցը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Ընտրողների թվի մասին վերջին տեղեկությունը հրապարակվել է 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին: Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության տվյալներով, Հայաստանում ընտրողների թիվը 2 միլիոն 574 հազար 916 է։ Սա իհարկե մոտավոր թիվ է, բայց եթե Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի վեց անդամների պաշտոնավարումը դադարեցման հարցը դրվի հանրաքվեի, հարցը ընդունված կհամարվի, եթե դրան կողմ լինի ընտրատեղամասեր գնացած մոտ 644 հազար ընտրող:
Նմանատիպ Նյութեր