«Դիմադրություն» շարժումը այսօր՝ մայիսի 7-ին, նախատեսածի նման՝ ավտոերթով հասել է Վանաձոր:
Ընդդիմադիրների՝ «Առանց թուրքի Հայաստան» կոչերին վանաձորցիները հակադարձել են՝ ասելով. «Առանց ձեզ, դո՛ւք եք թուրքը»:
«Քաղաքացին եկել է ձեզ ասի՝ դուք Հայաստանում անելիք չունեք: Ազգային ժողովում կատու եք դառնում»,- բորբոքված ասել են վանաձորցիները: Նրանք նաև նկատել են, որ հանրահավաքին մասնակիցները հիմնականում Երևանից են եկել: Որոշ վանաձորցի մասնակիցներ էլ Մամիկոն Ասլանյանի աջակիցներն են:
Նկատենք, որ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, որը համակարգում է ընդդիմադիրների գործողությունները, իր ելույթում ասել է, թե այդ քաղաքացիները սադրիչներ են: Ի դեպ, ընդդիմադիրները բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն կիսում իրենց տեսակետները, համարում են սադրիչներ, դավաճան և թուրք:
Նշենք, որ ընդդիմադիրները մի քանի օր էր՝ անկանոն գործողություններ էին իրականացնում մայրաքաղաքում, փակում են փողոցներ, որոնք ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում բացում է: Մայիսի 1-ից սկսած՝ նրանք շուրջօրյա նստացույց են իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: