Լրահոս 24/7

Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի մրցաշարը

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

Միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԽՍՀՄ չեմպիոն, շախմատի օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության կրկնակի, Եվրոպայի թիմային առաջնության եռակի հաղթող Ռաֆայել Վահանյանը, շախմատային աշխարհի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին ու հյուրերին՝ շեշտելով՝ «Երևան օփեն» միջազգային մրցաշարը կրկին ապացուցում է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է. «Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է: Մենք հպարտանում ենք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Բոլորը գիտեն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հայկական ծագման մասին: Խորհրդային Միության հավաքականի կազմում երկու անգամ շախմատի օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռաֆայել Վահանյանը, աշխարհի կրկնակի գավաթակիր է Լևոն Արոնյանը: Շատ երկար է մեր մյուս հրաշալի գրոսմայստերների ցուցակը, որոնք փառք են բերել մեր երկրին»:

Վահրամ Դումանյանը նաև կարևորել է Հայաստանում շախմատի մեծ մասսայականությունը. «Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում: Դրա արդյունքում հազարավոր երեխաներ այսօր տիրապետում են ամենահին խաղերից մեկի գաղտնիքներին: Շուտով նրանցից շատերն ավելի կհմտանան, և արդյունքներն էլ երկար սպասել չեն տա, իսկ նրանք, ովքեր շախմատիստ չեն դառնա, կունենան վերլուծական միտք, որն այնքան անհրաժեշտ է մեր օրերում»:

Վահրամ Դումանյանն ազնիվ պայքար է մաղթել «Երևան օփենի» մասնակիցներին և նշել՝ մասնակիցների կարգը վկայում է այն մասին, որ մրցաշարը կանցնի լուրջ մրցակցային պայքարում և բազում հաճելի պահեր կպարգևի շախմատի սիրահարներին:

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին, երկրորդ անգամ՝ 2017-ին, իսկ վերջինը կայացել է նախորդ տարի: Տարեցտարի մասնակիցների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում են: Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի շուրջ 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ: Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ շախմատի վերաբերյալ տարատեսակ ընկալումներ կան. «Ուզում եմ պատմել մեր ընկալումների մասին: Շախմատն ազնվության, արդարության, զսպվածության, հանդուրժողականության և մրցակցին հարգելու մասին է: Գուցեև աշխարհում կլինեն տարատեսակ ընկալումներ, թե շախմատն ագրեսիայի կամ ապօրինի կերպով մրցակցի խաղաքարերին տիրանալու մասին է, բայց մենք հավատացած ենք, որ ագրեսիան և խաղի կանոններից դուրս որևէ քայլ անելիք չունեն խաղատախտակի շուրջ: Ահա սա է հիմնական պատճառը, թե ինչու մենք՝ հայերս, այսչափ մեծ ուշադրություն ենք դարձնում շախմատի մասսայականացմանը մեր երկրում: Ունենք հույս և համոզմունք, որ եթե շատերը շախմատ խաղան, եթե շախմատի էությունն ու փիլիսոփայությունը շատերը հասկանան այնպես, ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, այդքան աշխարհն ավելի լավը կդառնա»:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է՝ այս 4 տարիներն ապացուցել են, որ «Երևան օփենը» կայացել է, և դրա ընթացքն այլևս անկասելի է: Մրցաշարի բացման արարողությունից հետո 3 խաղատախտակի վրա խորհրդանշական առաջին քայլը կատարել են Վահրամ Դումանյանը, Մխիթար Հայրապետյանն ու Տիգրան Ավինյանը:

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

3 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

4 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

4 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

5 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

6 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

7 hours ago