Լրահոս 24/7

Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը

Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։ Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ՀՀ ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ այս առաքելության խնդիրն է նախապատրաստել ԵՄ քաղաքացիական դիտորդների երկու ամսով տեղակայումը Սյունիքում, հետևել երկու կողմից հրադադարի ռեժիմի պահպանմանը և այս մասին պարբերաբար հրապարակել զեկույցներ։

Այս ամենն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար, ըստ պատվիրակության անդամների, անհրաժեշտ է տվյալ գործընթացում ներգրավել տեղի դերակատարներին ու նրանց հետ անմիջական համագործակցությունը։ Սյունիքի մարզային իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչները շեշտել են, որ պատրաստ են ամեն հարցում աջակցել պատվիրակության աշխատանքներին։

Հյուրերին ներկայացվել են տեղեկություններ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով մարզի տուժած բնակավայրերի մասին և, հատկապես, ընդգծվել է, որ Սյունիքի սահմանների երկայնքով Ադրբեջանը գործում է ոչ միայն ընդդեմ հայկական զինված ուժերի, այլև խաղաղ բնակչության։

Փոխմարզպետ Հայկ Հարությունյանի խոսքով՝ Սյունիքում սահմանամերձ բնակավայրերն ադրբեջանական զինվորների կողմից անմիջական սպառնալիքի տակ են, և այդ տեղերում խախտվում է ոչ միայն բնակիչների խաղաղ ապրելու իրավունքը, այլև երեխաների մեջ ի հայտ են գալիս ծանր հոգեբանական խնդիրներ։

Ըստ պատվիրակությանը փոխանցված տվյալների՝ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժել է մարզի 6 բնակավայր, վնասվել՝ 18 բնակելի տուն, վարչական շենքեր, քաղաքացիների մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա ու կազմակերպությունների շինտեխնիկա, թշնամուն են անցել հազարավոր փոքր եղջերավոր անասուններ։ Շեշտվել է, որ մարզում արձանագրվել է երկու խաղաղ բնակչի մահ, որոնք զոհվել են՝ բավականին հեռու լինելով սահմանագծից, իսկ քաղաքացիական շտապօգնության մեքենաների տեղաշարժը հակառակորդի զինված ուժերն արգելափակել են հրետակոծություններով՝ չթողնելով օգնության հասնել վիրավորներին։

Սյունիքի մարզպետի տեղակալները պատվիրակության անդամներին ուղեկցել են նաև Կապանի Ներքին Հանդ և դեպի Սիսիանի Իշխանասար տանող հատվածներ։ Տեղում հյուրերն արձանագրել են, որ Ներքին Հանդը փաստացիորեն երեք կողմից շրջափակման մեջ է, և կանայք ու երեխաները շարունակում են բնակվել հարևան գյուղում։ Այստեղ թշնամու նշանառության տակ է հայտնվել նաև գերեզմանատունը։ Արձանագրվել են նաև Կապանի Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Գորիսի Վերիշեն, Ակներ և Տեղ համայնքի Վաղատուր գյուղերին առնչվող խնդիրներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

5 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

7 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

7 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

8 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

8 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

8 hours ago