Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Մանկավարժական համալսարանի 100-ամյակի առիթով և ընդգծել, որ սա շատ կարևոր հոբելյան է:
«Այս հոբելյանը մեզ համար նաև մի կարևոր հանգրվան է, երբ մենք առանց որևէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը, և հետևաբար՝ նաև մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին:
Եկեք վերադառնանք այն ժամանակները, երբ հիմնադրվում էր բուհը: Դա մի ժամանակ էր, երբ Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում, ստեղծվում էին այնպիսի հաստատություններ, որոնք կոչվում էին «լիկկայաններ»: Դրանք նրա համար էին, որ մարդկանց դարձնեն տառաճանաչ, որովհետև անգրագիտությունը, ցավոք, համատարած երևույթ էր՝ ինչպես այդ ժամանակի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում:
Բայց, ցավով պիտի արձանագրենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի ժամանակներում մենք նույնպիսի կամ նման մարտահրավերների առաջ ենք կանգնում. երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, օրինակ, մինչև 10 տարեկան երեխաների մի շատ մեծ տոկոս ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Սա ազգային անվտանգության խնդիր է: Առանց չափազանցության:
Եվ մենք այսօր այս խնդիրը լուծելուն ուղղված քայլերի անխուսափելիության առաջ ենք կանգնած: Դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկված են, իսկապես, մասշտաբային և խորը բարեփոխումներ: Այդ բարեփոխումների անկյունաքարային իմաստն ընդգծելն է կրթության, հանրակրթության, նախադպրոցական կրթության անկյունաքարային և ռազմավարական նշանակությունը: Բայց և ընդգծելն է, որ առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, առանց պրոֆեսիոնալ ուսուցչական խավի այդ խնդիրը հնարավոր չի լինելու լուծել: Եվ հետևաբար՝ մանկավարժական կրթության հետագա զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն:
Այսօր ուրախ եմ այս հոբելյանի առիթով հնարավորություն ունենալ հայտարարել, որ ապրում ենք մի ժամանակներում, որտեղ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվում է և եռապատկվում է: Եվ ուրախ եմ արձանագրելու, որ այս գործընթացը լինելու է շարունակական: Եվ ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այո, այսօր մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ուոսուցիչներն ստանան 400.000 դրամ աշխատավարձ, բայց դա միայն սկիզբն է: Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը պիտի ստանա 800.000, 1.000.000, 1.200.000 դրամ աշխատավարձ: Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներ պատրաստող դասախոսներին, որովհետև նրանց պատասխանատվությունն առավել մեծ է, նրանց աշխատանքի արդյունքն առավել էական է իմ նշած գործընթացի հաջող ձևակերպման և հանգուցալուծման համար:
Բայց այս գործընթացը մենք անում ենք ոչ միայն գործող ուսուցիչների, այլ նաև դպրոցների շրջանավարտների համար, որ նրանք իմանան, որ պետական ամենաբարձրագույն մակարդակով ուսուցչի աշխատանքը, ուսուցչի մասնագիտությունը կարևորվում է և համարվում ռազմավարական, և այս տեքստի, այս ասելիքի կոնկրետ, գործնական իրագործում է տեղի ունենում մեր օրերում:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի սիրելի դասախոսներ, ղեկավարներ, ուսանողներ, շրջանավարտներ,
Կրկին թույլ տվեք շնորհավորել բոլորիս այս կարևոր հոբելյանի առիթով և արձանագրել, որ 100-ամյակը լավ առիթ է ամփոփելու կատարված աշխատանքը, բայց առավել ևս լավ առիթ է՝ պլանավորելու ապագան: Եվ այն ապագան, որ մենք կպլանավորենք և կիրականացնենք մանկավարժական կրթության ոլորտում, ահա, այդ ապագան իր պլանավորման և իրականացման որակի տեսքով որոշ ժամանակ անց կդառնա իրականություն:
Համոզված եմ, որ մենք կկարողանանք այսօր արդեն նախագծել և վաղն իրագործել ազատ, երջանիկ և անվտանգ Հայաստանի ապագան, և այդ ապագան պիտի կերտվի մանկավարժության, մանկավարժական կրթության ոլորտում, մանկավարժական կրթության համալսարանում: Հույս ունեմ նաև, որ դուք բոլորդ կաջակցեք այն բարեփոխումներին, որ կառավարությունը պատրաստվում է իրականացնել:
Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում կատարվելիք աշխատանքում»
Վարչապետ Փաշինյանը Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ Մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը և Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանը:
Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը և Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…