Ինչպես հայտնել ենք, ԱԺ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրառում է կատարել՝ անձամբ էլ հայտնելով մանդատից հրաժարվելու մասին:
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել:
Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի:
Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, որ բխել են մեր աշխատանքից:
Շնորհակալություն եմ հայտնում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներին՝ մաղթելով հաջողություններ խորհրդարանական աշխատանքի հետագա ընթացքում:
Ներողություն եմ խնդրում վստահության քվե տված բոլոր այն քաղաքացիներից, ում հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին:
Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և գաղափարներին՝ անկախ կարգավիճակից՝ իմ հետագա աշխատանքի մեջ գերակա պահելով հայրենիքի շահը»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ:














