Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, որը ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
«ՀՀ Խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի Միլի մեջլիսի ընդունած հայտարարությանը, որում Հայաստանի հանրապետությանը ներկայացվել են անընդունելի իրավական հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել են անընդունելի ձևակերպումներ։ Այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի հիմքում դրվել է այն գաղափարը, որ ԼՂ հարցը փակված է և որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս։
Այն, որ Ադրբեջանի տեղեկատվաքարոզչական և ռազմական ագրեսիային համարժեք պատասխան չի տրվում, բերում է նրան, որ միջազգային հանրության մոտ ձևավորվում է համոզմունք, որ ՀՀ-ն ասելիք չունի, իսկ Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանը համակերպվել է իր պայմաններին։ Մեր անվտանգությանը սպառնացող կարմիր գծերը պետք է հստակ ձևով ներկայացնենք միջազգային հանրությանը»,-նշեց Թևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ առաջարկված հայտարարությունը հավաքական պատասխան կլինի Ադրբեջանին: Նաև հայտնեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը իրենց հայտարարությունից որոշակի հատվածներ հանել է: Նրա խոսքով՝ ՔՊ–ն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը:
«Խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ հակասություն ունի իշխանության այն մոտեցումների հետ, որ ԼՂ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից։ Մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի հետապնդումն այն կարևորագույն երաշխիքներից է, որն ապահովելու է արցախահայության համար անվտանգություն, իրավունքներ։ Այն ապահովելու է նաև Հայաստանի անվտանգությունը։ Ֆունդամենտալ չենք ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել»,–ասաց Թևանյանը։
Նա նշեց, թե իրենք կողմ են խաղաղությանն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով, չպետք է լինի շանտաժի ու ճնշման ներքո, չպետք է լինի ուժի կիրառման միջոցով։
«Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում ու դա այն կարևորագույն երաշխիքներից է, որի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ապահովել արցախահայության ազատությունը, իրավունքներն ու ազատությունը։ Մենք համոզված ենք, որ Արցախի հանձնման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն, ճիշտ հակառակը, դա բերելու է պատերազմի ու պարտության, այս անգամ՝ Հայաստանի կապիտուլյացիայի, համոզված ենք, որ արցախահայության իրավունքների պաշտպանությամբ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլև՝ Վարդենիսը, Գորիսը, Ստեփանավանը, Երևանը, Գյումրին ու մյուս բոլոր քաղաքները», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին՝ առաջարկելով նախագծի վերաբերյալ բովանդակային քննարկումներ ծավալել ԱԺ արտահերթ նիստում, որը հրավիրել է «Հայաստան» խմբակցությունը:














