Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու որեւէ պաշտոնական առաջարկ չի եղել եւ չի էլ կարող լինել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, ՀՀ իշխանությունների համար երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեք են։
«Մենք մեր պարտքը և պարտականությունն ենք համարում մեր հայրենքի հարատեւության ապահովումը»,- նշեց նա։ Հարցին, թե ոչ պաշտոնական խողովակներով ճնշումներ եղել են Հայաստանի նկատմամբ, թե՝ ոչ, Փաշինյանը նշեց, որ ոչ պաշտոնական խողովակ ասելով տարբեր բաներ կարելի է պատկերացնել։
«Օրինակ՝ փորձագետների առումով շարունակաբար զարգացող խոսություներն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական խողովակներ, շփումներն էլ։ Ենթադրում եմ՝ ԱԽ քարտուղարը ճնշումների մասին խոսելիս նաեւ սրանք է նկատի ունեցել»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին եւ անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձեւավորվող միութենական պետությանը։

















