Լրահոս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԶՈւ կազմավորման տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժեչի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով։

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է․

Սիրելի ժողովուրդ,

«Սիրելի հայրենակիցներ,

Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ,

Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի:

Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:

Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:

Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:

Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:

Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն:

Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը:

Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:

2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:

Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ:

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:

Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները:

Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը:

Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:

Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

2 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago