«Արցախում հանրության մոտ իրենց ղեկավարության հանդեպ կար անվստահություն: Եվ Ռուբեն Վարդանյանը, լինելով դրսից մարդ, այդ հանրության մեջ հույսեր էր արթնացրել առաջին հերթին արդարության իմաստով, որ կարող է արդար կառավարում լինի, որը շատ կարևոր է հանրային մոբիլիզացիայի համար, հատկապես այս պահին:
Ես ամենաշատը դա եմ կարևորում, որովհետև նման ծանր վիճակում գտնվող հանրության համար դա գուցեև ամենակարևորն է։ Ամեն ինչ անում են, որ Արցախի բեռից ազատվեն և այնտեղ հայաթափում լինի:
Դա է հիմնական խնդիրը: Խնդիրը ոչ Արցախում է, ոչ էլ Բաքվում է: Հիմնական խնդիրը Երեւանում է գտնվում եւ սա է պրոբլեմը, ոչ թե Ռուբեն Վարդանյանի հրաժարականը:
Իսկ Ռուբեն Վարդանյանի դերը այն հույսն էր, որն ինքը տվել էր: Ես չգիտեմ որքանով էր արդարացված, որքանով՝ ոչ, բայց այդ հույսը տվել էր, որ այնտեղ նման համակարգ կարող է ձևավորվել»,- այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: