Բարձրագույն դատական խորհուրդը երեկ բավարարեց Արդարադատության նախարարի կողմից երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Մասնավորապես, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, այն է՝ Զարուհի Նախշքարյանը, դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման հրապարակմանը նախորդող օրը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 26.12.2022 թվականին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները:
Թիվ 1-ը թեմայի վերաբերյալ դիրքորոշում է հարցրել իրավաբան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանից:
– Տիկին Նախշքարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ծանոթ եմ նրա կողմից կայացված դատական ակտերի մի մասին. անչափ ցավալի է, որ տիկին Նախշքարյանի պես արհեստավարժ դատավորները, ում իրավահենք վճիռները հիացմունք են առաջացնում, հարկադրված լքում են համակարգը: Անսխալական մարդիկ 33 թվականից հետո այլևս չկան, բայց կա գիտակցված սխալ ու դրան համաչափ մոտեցում. սույն գործով ընդհանրապես բացակայում է սխալը տիկին Նախշքարյանի արարքներում, հետևաբար որևէ պատասխանատվություն, առավել ևս լիազորությունների դադարեցում, չպիտի կիրառվեր: Իսկ ԲԴԽ որոշումները մեկնաբանելու կարիք ընդհանուր առմամբ թերևս չկա. Նախկին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականն ու դրա տեքստը և տիկին Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը վառ ցուցիչ են ԲԴԽ գործելաոճի, նպատակների և գործունեության:
Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով էլ ԲԴԽ-ը ըստ էության առաջնորդվել է բացառապես դատական օրենսգիրք սայմանադրական օրենքով։
-Թերևս պետք է նաև հիշել, որ այստեղ մենք գործ ունենք արդեն չմարված տույժի պարագայում՝ երկրորդ կարգապահական խախտման հետ։ Առաջին տույժի ժամանակ նշանակվել էր՝ խիստ նկատողություն, երկրորդ անգամ նկատողություն տալու պարագայում այսպես թե այնպես Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարելու էին, այնպես չէ, որ զուտ միայն այդ գրառումը հանգեցրեց նրա պաշտոնանկությանը։ Հետևապես, այստեղ մենք ունենք լիովին համաչափ կիառված տույժ։
Մյուս կողմից իհարկե, մի բան էլ պետք է հասկանալ, որ դատավոր լինի կամ փաստաբան, թեկուզ սովորական քաղաքացի, բոլորը պետք է իրենց հրապարակային խոսքում դրսևորեն զսպվածություն, իսկ դատավորի պարագայում այն կրկնակի կարևոր է, որովհետև դատավորը նաև արդարադատություն իրականցնող անձ է, և պետք է նաև հասարակության համար վարքագծի օրինակ ծառայի և ցանկացած նման վարքագծի դրսևորում սասանում է նրա նկատմամբ վստահությունը, որպես դատարան։ Այնպես, որ մենք այստեղ իրավական առումով էլ խնդիր չունենք։ Այստեղ շատ խորը հասարակական խնդիր կա, որ ցավոք սրտի Հայաստանում սեփական խոսքերի համար պատասխանատվության կրելու լուրջ պակասորդ ունենք։
Փաստաբան Գագիկ Մելիքյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ որոշմանը:
-Անկեղծ ասած, կարծում եմ, որ ԲԴԽ որոշման հիմքերը շատ ավելի հեռվից են գալիս։ Կարծում եմ, որ տիկին Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ-ի որոշումն արդյունք էր նրա կողմից արդար դատական ակտեր հրապարակելու, ոլորտում առկա խնդիրներին ուղիղ նայելու, դրանք բարձրաձայնելու պատճառով։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Զարուհի Նախշքարյանը կարծիք է հայտնել ԲԴԽ-ի մի որոշման վերաբերյալ, որով ԲԴԽ-ն դադարեցրել է մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները։
Դատավոր Նախաշքարյանը մատնանշել է այն իրավական և/կամ տեխնիկական բացը, որն իմ կարծիքով նաև արդյունք է ԲԴԽ անգործության, ինչի արդյունքում Աննա Փիլոսյանի մոտ առաջացրել է դատավարական ժամկետները ուշացնելու խնդիրը: Քանի որ ԲԴԽ-ի քննարկվող որոշմանը դեռ չեմ հասցրել ամբողջովին ծանոթանալ, չեմ շտապի կարծիք հայտնել, սակայն, վստահ եմ, որ ԲԴԽ-ն առաջնորդվել է այլ չափանիշերով, որոնք ամրագրված չեն ՀՀ սահմանադրությամբ։ Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ կարծիք հայտնելը չէր կարող հիմք հանդիսանալ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու համար:
Զարուհի Նախշքարյանն այնքան հավասարակշռված դատավոր է, այնքան նրբանկատ մասնագետ է, որ երբեք թույլ չի տա սահմանն անցնել, և, ինձ թվում է՝ այստեղ նաև դեր է խաղացել Զարուհի Նախշքարյանի՝ որոշ ոչ իշխանահաճո դատական ակտերը, նա աննցանկալի դատավոր է եղել ԲԴԽ-ի և իշխանության համար, կամակատար չի եղել, և ըստ իս, դա ավելի մեծ դեր է խաղացել այսօրվա որոշման տրամաբանության մեջ, քան իրական, ենթադրյալ մեղադրանքը, որի քողի տակ այսօր դադադրեցրին տիկին Նախշքարյանի լիազորությունները: Հարցն այն է, որ Զարուհի Նախշքարյանն իր խոսքում վեր է հանել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը, ասելով, որ Փիլոսյանի ծանրաբեռնվածությունը գալիս է մի շարք օբյեկտիվ հանգամանքներից: Միգուցե այդ պատճառներն էր պետք վերացնե՞լ, ոչ թե Նախշքարյանին մեղադրել ԲԴԽ-ի հեղինակությունը կասկածի տակ դնելու մեջ:
Ասեմ ավելին, նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին, մինչ դատավոր Փիլոսյանի լիազորությունների դադարեցնելը, ԱԺ-ում կազմակերպել էր դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին մի շարք դատավորներ, այդ թվում Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանը, փաստաբաններ (այդ թվում նաև ես) և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Չգիտեմ, թե այդ քննարկման արդյունքում դատական համակարգն ինչ առաջընթացներ ունեցավ, բայց, չանցած երկու շաբաթ, ունեցավ կորուստ, դադարեցվեցին դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ դատավարական ժամկետները չպահպանելու հիմնավորմամբ։ Այսօր ունենք երկրորդ կորուստը։ Միգուցե պետք էր ցավող մատը ոչ թե կտրե՞լ, այլ բուժե՞լ: Ցավալին այն է, որ ԲԴԽ որոշ անդամներ ուղղակի փայլում են դատավարական ժամկետները խախտելու հարցում, սակայն չեն վարանում այդ պատճառով դադարեցնել իրենց կոլեգաների լիազորությունները։
Մերի Մանուկյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…