Մարտի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ Գյումրի և ԳԴՀ Հալլե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Հալլեի քաղաքապետ Էգբերտ Գայերը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գյումրիում ԳԴՀ պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը և «Հալլե-Գյումրի Հայ-գերմանական բարեկամության» միության վարչության ղեկավար Արմեն Կլիշը: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանատունը:
Դեսպանն իր ելույթում ընդգծել է կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հալլեի և Գյումրու համայնքների միջև երկարամյա համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել կողմերի կատարած աշխատանքին՝ հուշագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար: Դեսպանի համոզմամբ՝ հուշագիրն ազդարարում է մարդկանց միջև նոր շփումների, նոր համագործակցությունների հաստատման և նոր համատեղ նախաձեռնությունների սկիզբ: