Հասարակություն

Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը․ Ա․ Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ:

«Սիրելի՛ տիկնայք,

Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ իմ հրավերին արձագանքելու և այս տոնական օրը միասին անցկացնելու առաջարկն ընդունելու համար:

Մեր բուն միջոցառումը սկսելուց առաջ ուզում եմ ոտքի կանգնենք և մեր սիրո, մեր կարոտի, մեր երախտագիտության խոսքերն հղենք առ երկինք, որտեղ անմահություն են վայելում մեր դեմ սանձազերծված պատերազմներում հայրենիքը պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը քաջաբար զոհաբերած մեր հերոսները: Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ երախտապարտ ենք, մենք ձեզ պարտք ենք, պարտք ենք ձեր կյանքին համապատասխան պետություն, մենք պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ ի՞նչ արժեն ձեր կյանքերը մեզ համար, որքա՞ն ենք մենք գնահատում դրանք, մի՞թե ձեր կյանքի գինը հազիվ գոյատևող, վախվորած պետությունն է՝ անվերջ լացող և նվնվացող քաղաքացիներով: Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ձեր կյանքի գինը ծաղկուն, զարգացած, հարուստ, բարեկեցիկ ուժեղ պետությունն է՝ երջանիկ քաղաքացիներով: Եվ մենք ամեն օր մեր աշխատանքով կառուցում ենք այդ պետությունը: Կեցցե՛ն մեր հերոսները, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Մեր այսօրվա միջոցառման խորագիրը հետևյալն է՝ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում»: Պետք է խոստովանեմ, որ այս խորագիրը ծնվեց այնքանով, որքանով որպես ընդհանրական ուղենիշ մեր խոսակցության համար: Ընդունված է, չէ՞, կանանց նվիրված միջոցառումների ժամանակ անպայման խոսել նրանց հնարավորություններից, խոչընդոտներից, հավասարությունից, բռնությունից և այլն:

Գուցե կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ ու շատ մարդիկ, կազմակերպություններ ունեն այս հարցի պատասխանը, բայց ես գտնում եմ, որ մենք ինքներս մեր պատասխանը գտնելու և ձևակերպելու կարիք ունենք:

Իմ տարբերակը հետևյալն է՝ մեզ պետք են հնարավորություններ մեզ և մեր միջավայրը ավելի լավը, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձնելու համար: Մեզ պետք են հնարավորություններ երջանիկ լինելու և ուրիշների երջանկությանը նպաստելու համար:

Ահա այստեղ է, սակայն, որ ես կարևորում եմ մեր այսօրվա խոսակցությունը: Իսկ ո՞րն է մեզ համար երջանկությունը: Մենք՝ հայ կանայքս, ի՞նչ ենք հասկանում երջանկություն ասելով:

Կարծում եմ՝ մենք այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել, որովհետև մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է: Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է: Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածելի: Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Եթե բարոյական, ապա՝ միմիայն տանջված: Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթևսոլիկ: Մեզ համար չկան այլ տարբերակներ: Մենք չենք էլ փորձել համատեղել առաքինությունն ու երջանկությունը:

Մենք պետք է հստակեցնենք՝ ինչի՞ համար ենք ուզում հնարավորություններ և ինչո՞ւ չենք հանդուրժի խոչընդոտներ:

Այո՛, ես ուզում եմ երջանիկ լինել, ուզում եմ երջանիկ լինել, առաջին հերթին հանուն իմ երեխայի ժպիտի, հանուն այն բանի, որ նա իրեն պաշտպանված ու ապահով զգա, հանուն այն բանի, որ ես չսևացնեմ նրա զուլալ աշխարհը: Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ ամուսնու, իմ ընտանիքի երջանկության: Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ երկրի, հանուն իմ ժողովրդի: Ես ուզում եմ երջանիկ լինել ինքս ինձ համար:

Իսկ ի՞նչ է ինձ համար երջանկությունը:

Ինձ համար երջանկությունը սիրո զգացողությունն է: Զգացողություն, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ: Երջանկությունն այդ սերը կրելն է, ուրիշներին տալն ու ուրիշներից ստանալն է: Իսկ Սերը կենդանի երևույթ է, դա բոլորը գիտեն: Պետք է նրան մշտապես խնամել, աճեցնել, այլապես կցամաքի, կմահանա: Երբ հայ կինը իր սերն ու հոգատարությունը ուղղում է միմիայն իր ընտանիքի անդամներին, երեխաներին, ամուսնուն, սկեսուր-սկեսրայրին, մի ինչ-որ պահից սկսած այդ սերն ու հոգատարությունը փոխում են իրենց բնույթը, որովհետև երեխաները մեծանում են, մեծերը մահանում են, ամուսինը՝ միշտ աշխատանքի մեջ:

Արդյունքում՝ միմիայն ընտանիքին «ծառայող» հայ կնոջ սրտում սերը ոչ միայն չի աճում, այլև ի վերջո ինչ-որ պահից սկսում է ցամաքել ու կամ մահանում է, կամ նեխում-մնում այդ կնոջ սրտի մեջ՝ երբեմնի գեղեցիկ ու թռվռան աղջնակին վերածելով դժբախտ ու չարացած արարածի:

Եվ սրանից կշահեն բոլորը, բայց առաջին հերթին ընտանիքի անդամները, որովհետև նրանց մոր-հարսի-կնոջ սրտում սերը երբեք չի հասցնի նեխել՝ արյան հետ միասին մշտական շարժման մեջ կլինի:

Ես չեմ հիշում մի տևական ժամանակաշրջան, որ մեր պետությունը և այնտեղ ապրող մարդիկ երջանիկ լինեին: Թերևս երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն: Հեղափոխություն, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեցին դրան: Ուժեղ և երջանիկ պետություն էլ հնարավոր կլինի կառուցել միմիայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն դրան:

Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա: Մենք պարտավոր ենք երջանիկ լինել և երջանկություն բերել:

Շնորհակալություն»,- ասված է ելույթում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago