Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին:
Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները: Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Ընդգծեմ, որ վերջին օրերին «11 ոսկե՝ 8 օրում» կարգախոսը թերևս Հայաստանում ամենաշատ բարձրաձայնված կարգախոսն է, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այդ կարգախոսը կերտելու համար:
Իհարկե, խոսքը միայն ոսկե մեդալների մասին չէ, և ուզում եմ ընդգծել նաև մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր մեդալ են նվաճել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել:
Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այդ արդյունքների վերաբերյալ և հույս հայտնել, որ դա ինչ-որ կերպ նաև արձագանք է այն քաղաքականությանը, որը Կառավարությունը վարում է սպորտի բնագավառում:
Ես հիշում եմ 2021 թվականին այս շենքում տեղի ունեցած մի հանդիպում, երբ քննարկում էինք օլիմպիական խաղերին մեր թիմի նախապատրաստության աշխատանքները և զարմանքով արձանագրեցինք, որ, օրինակ, նույն ծանրաքարերի կամ ծանրաձողերի հետ կապված խնդիր կա:
Խոսքը վերաբերում էր Eleiko ֆիրմայի ծանրաձողերին, տվյալ դեպքում կոնկրետ ծանրամարտի մասին է խոսքը, և ուրախ եմ արձանագրել, որ հիմա երկրում այնքան Eleiko ծանրաձող կամ ծանրաքար ունենք, որ եթե մամուլում հայտնված մեկնաբանությունների մեջ չափազանցություն չկա, մեզ երկար տարիներ դեռ կբավականացնեն:
Չնայած հույս ունենք, որ, ընդհակառակը, չի բավականացնի, որովհետև ծանրամարտով զբաղվողների թիվն այնքան կմեծանա՝ նաև մեր հավաքականի հաջողության բերումով, որ մենք, բառիս լավ իմաստով, ստիպված կլինենք նորանոր ծանրաձողեր, ըմբշամարտի և սամբոյի գորգեր, մարմնամարզության սարքեր և սարքավորումներ ներկրել, և ամեն անգամ այս հանդիպումներում մեր մարզիկները և մարզիչները կասեն, որ չի հերիքում, էլի է պետք, էլի է անհրաժեշտ, և այլն և այդպես շարունակ, բայց ոչ թե այն իմաստով, որ չկա, այլ կա, շատ կա, բայց, այնուամենայնիվ, էլի է անհրաժեշտ:
Մարզական այս հաջողությունները կարևորում ենք նաև այս տրամաբանությամբ, որովհետև համոզված ենք, որ ձեր հաջողությունները, սիրելի մարզիկներ և մարզիչներ, կոգեշնչեն մեր երիտասարդներին՝ զբաղվել սպորտով, ֆիզկուլտուրայով, նպատակներ դնել իրենց առջև և իրագործել:
Ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ մենք հիմա նաև երկրում բավական տեսանելի մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում: Հույս ունեմ, որ պլանավորված ժամանակում կավարտվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը:
Առիթ ունեցա Արմավիրի մարզ այցելել և տեսնել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները, խոստացան, որ ժամկետում կավարտվի կառուցումը:
Եվ ուզում եմ հիշեցնել խոստումը, որ յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի անունով մեր երկրում կկառուցվի մարզադպրոց. այն ուժի մեջ է, և ցանկանում եմ, որ մենք այնքան, այսպես ասած, ծանր գրաֆիկով իրականացնենք այդ գործը, որ էլի ամեն անգամ ասեն՝ դեռ նորանոր միջոցներ են անհրաժեշտ այդ նպատակն իրագործելու համար:
Բայց մենք առանձին դեպքերում նաև առանձին որոշումներ կկայացնենք այս տրամաբանությունից դուրս, և ուզում եմ ձեր ներկայությամբ մեկ այլ որոշման մասին բարձրաձայնել, որը, հույս ունեմ, դրական կընկալվի ձեր միջավայրում:
Վերջին մրցույթներից և իրադարձություններից հետո մենք քննարկեցինք և տեսանք, որ այս պահին կարծես թե մեր եզդիաբնակ բնակավայրերում այդպիսի մարզադպոցներ չեն կառուցվում:
Ես որոշում եմ կայացրել և հույս ունեմ՝ այդ որոշումը կպաշտպանեք, որ ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, մենք կկառուցենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն:
Այստեղ պետք է բոլորիդ, ընդհանուր առմամբ, հետևյալ խնդրանքով դիմեմ, որ այս գործընթացն օգտագործենք մարզերում մարզական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով:
Իհարկե, լավ է, որ մեր արդեն 3 անվանական մարզադպրոցներն էլ մարզերում են գտնվում՝ Շիրակում, Արմավիրում և հիմա երրորդը՝ Արագածոտնում:
Իմիջիայլոց, դա էլ ենք պայմանավորվել, որ եթե Արթուր Ալեքսանյանը, օրինակ, երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, իր անվամբ ևս մեկ մարզադպրոց կկառուցենք, օրինակ, Կապանում կամ Գորիսում: