Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում:
Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը և կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար:
Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, և մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:
Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամուրջով:
Նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են:
Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար:
Գագաթնաժողովի հարգելի՛ մասնակիցներ, 30 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան իրականացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու ակնկալիքները և հաստատեցին իրենց վճռականությունը՝ օգտվելու բոլոր հնարավորություններից տարածաշրջանի երկրների միջև տարբեր ոլորտներում և մակարդակներում համագործակցության ընդլայնման համար:
Այսօր էլ այդ ակնկալիքները մնում են նույնքան արդիական:
Որպես կազմակերպության հիմնադիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Վեհաժողովի ներուժի լիարժեք օգտագործմանը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու և կանոնադրական նպատակներն արդյունավետ իրականացնելու համար:
Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ի և Խորհրդարանական վեհաժողովի միջև ավելի սերտ համակարգումը, ինչը կնպաստի նրանց միջև ավելի ամուր փոխգործակցության կառուցմանը:
Հաշվի առնելով Վեհաժողովի մշտական կոմիտեի և ՍԾՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի միջև համատեղ հանդիպումների անցկացման անցյալի փորձը՝ մենք կարծում ենք, որ վաղուց արդեն պետք էր վերսկսել նման հանդիպումները՝ հանգամանորեն քննարկելու սեղանին դրված բոլոր խնդիրները:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական և համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա:
Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից:
Կարևոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի և ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ:Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին:
Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ և բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների:
Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար:
2021 թվականին, այնուհետև` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով` ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները:
Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում:
Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության և գագաթնաժողովի կազմակերպման համար»:
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…