Իսրայելում և Եթովպիայում ՀՀ դեսպանություններ կստեղծվեն: Այսօր Կառավարությունը հավանություն տվեց ԱԳՆ-ի առաջարկին:
Նախագիծը զեկուցելիս ՀՀ արտաքին գործերի նախարար զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների զարգացման համար:
ԱԳ նախարարը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետներում տեղի կունենա դեսպանատան բացումը և այն կախված է երկու երկրների համատեղ աշխատանքից:
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն բացելու առաջարկը ներկայացնելիս Մնացականյանը ընդգծեց այդ երկրի դերը որպես աֆրիկյան կառույցների կենտրոնակայան և հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների առկայությունը: Ըստ նախարարի՝ Եթովպիայում դեսպանատուն բացելով, հնարավորություն կընձեռնվի խորացնել կապերն աֆրիկյան այլ երկրների հետ: