X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՀԵՎԿ կուսակցությունը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագիրը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ներկայացրել է Երևանի զարգացման իրենց ծրագիրը.

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՎԿ ԾՐԱԳԻՐ

1. Երևանը դառնալու է Եվրոպական քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կատարյալ մայրաքաղաք՝ մարդակենտրոն, հարմարավետ, կանաչ, մաքուր և անվտանգ։

2. Երևանի զարգացումը ենթարկվում է Գլխավոր հատակագծին՝ քաղաքական և քաղաքաշինական հստակ ծրագրին, որը պետք է լինի բաց ու հասանելի հասարակության համար, որի մեջ որեև փոփոխությունը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագիտական հիմնավորման արդյունքում, որն էլ իր հերթին պետք է արժանանա քաղաքացիների հավանությանը։

3. Բոլոր կարևոր որոշումները Երևանի վերաբերյալ պետք է դրվեն քաղաքային հանրաքվեի։ Քաղաքացին է դառնալու քաղաքի տերն ու պատասխանատուն։

4. Վերականգնվելու է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որին կից ստեղծվելու է հատուկ լիազորություններով օժտված գեղագիտական խորհուրդ՝ նախագծերի, շինարարության, կանաչապատման, գովազդների, վերանորոգումների, շենքերի արտաքին տեսքի, անվանումների և այլ փոփոխությունների վերահսկման նպատակով՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը, Օրենսդրությանը եւ մասնավորապես Լեզվի մասին օրենքի։

5. Նախևառաջ կատարվելու է քաղաքային տնտետության անշարժ ու շարժական սեփականության գույքագրում՝ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը, հաշվետվությունն ու վերահսկողությունը հասարակության կողմից։ Արդյունքում բացահայտված ապօրինություններն ու չարաշահումները, անօրինական սեփականաշնորհման և անբարեխիղճ յուրացման հետևանքները վերացվելու են եւ գույքը ազգայնացվելու է դատական կարգով՝ ելնելով հանրային շահի և սոցիալական արդարության սկզբունքից։

6. Երևանում լայնորեն տեղադրվելու են օդի և ջրի որակը, աղմուկի ու փոշու մակարդակը, տրանսպորտային խցանումները չափող սարքեր, որոնք, միավորված լինելով ընդհանուր համակարգի մեջ, ծառայելու են բնակչության կենսական կարիքները հոգալու և արագ արձագանքելու գերխնդրին։ Բացի մաքուր օդի, ջրի եւ սննդի բնական իրավունքի, քաղաքացիներն ունեն նաեւ «լռության», այսինքն խաղաղ ու անաղմուկ միջավայրի իրավունքը, առանց որի թերի է անվտանգ ու բարգավաճ կենսակերպի գաղափարը։

Այդ նպատակով Երևանում իրականացվելու է «խելացի քաղաք» համալիր ծրագիրը, արհեստական բանականության կիրառման համակարգով, որի հիմնական գործառույթները կապված կլինեն 5-րդ կետում նշված և այլ առաջացող մարտահրավերների լուծման հետ։ Քաղաքային իշխանությունների ողջ գործունեությունը եւ հատկապես էլեկտրոնային սարքերի ու տեսախցիկների կիրառումը փոխվելու է «հետեւել եւ պատժել» սկզբունքից, դեպի՝ «տեսնել, որպեսզի օգնել» գաղափարի։

7. Երևանի տրանսպորտային խնդիրն իր համապարփակ լուծումը կստանա հասարակական փոխադրամիջոցների զանգվածային էլեկտրականացման հիման վրա։ Հատուկ կարեւորություն և արագ իրականացում է տրվելու մետրոյի վերգետնյա ուղիների և կայարանների կառուցմանը։

Հիմնական ուղղություններն են լինելու Հրազդան գետի կիրճով կառուցվելիք գծերը Դավթաշենի, Կիևյանի և Հաղթանակի կամուրջների միջև, նշված շրջաններում համապատասխան հանգույցների ստեղծմամբ և հեռանկարային զարգացում ապահովելով դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, Զվարթնոց օդանավակայան, իսկ մյուս ուղղությամբ՝ դեպի Քանաքեռ, Զեյթուն եւ Նոր Նորքի զանգվածներ տանող վերգետնյա մետրոյի միջոցով։

Այդ նախագծի արժեքը տասնյակ անգամ ավելի էժան է և մի քանի անգամ արագ կարող է կատարվել, քան՝ ավանդական ստորգետնյա մետրոն։ Նախագծի ֆինանսավորումը նախատեսված է իրականացնել արտաբյուջետային միջոցներով՝ ստեղծելով բաց բաժնետիրական ընկերություն, որն ընդգրկելու է քաղաքացիների ավանդների ներդրում եկամտաբեր պետական պարտատոմսերի տեսքով։

8. Մայրաքաղաքում ողջ երթևեկությունը կառավարվելու է մեկ համալիր համակարգով, արհեստական բանականության կիրառմամբ՝ ապահովելով առավելագույն արդյունավետությունը, թափանցիկությունն ու հարմարավետությունը։ Բոլոր կանգառներում տեղադրվելու է փոխադրամիջոցների ժամանման տեղեկատու հաշվիչներ։ Մայրաքաղաքի հնարավորին չափ շատ հանրային վայրերում բացվելու են ավտոմեքենաների երթևեկությունից բացարձակապես ազատ հետիոտային գոտիներ եւ հեծանվային արահետներ։

9. Հասարակական բոլոր փոխադրամիջոցների, ստորգետնյա անցումների, բնակելի շենքերի, պետական հաստատությունների, բանկերի, առեւտրի եւ սննդի, զվարճանքի եւ հանրային օգտագործման բոլոր վայրերի ու շինությունների մուտքերն ու ելքերը պարտադիր պետք է կահավորված լինեն թեքահարթակներով կամ հաշմանդամների անվասայլակների եւ մանկական սայլակների ելումուտի համար նախատեսված սարքերով։ Դրանց բացակայության դեպքում հաստատությունների ու շինությունների շահագործումն ու գործունեությունը չի թույլատրվելու քաղաքապետարանի կողմից։

10. Աղբահավաքի գործընթացը բարեփոխվելու է եվրոպական չափանիշներով, որոնց հիման վրա կառուցվելու է աղբամշակման գործարան, որը միացվելու է քաղաքի էներգետիկ համակարգին։ «Մաքուր տուն, մաքուր քաղաք, մաքուր Հայրենիք» գաղափարը պետք է ներառվի ընտանեկան, դպրոցական, համազգային եւ քաղաքացիական դաստիարակության մեջ։

Մաքրությունն ու անվտանգությունը դառնալու են հայոց մայրաքաղաքի հիմնական բնորոշիչ որակներ։ Ողջ փողոցային լուսավորությունը փուլ առ փուլ անցնելու է արևային մարտկոցների, որոնց արտադրությունը կազմակերպվելու է մեր երկրում՝ գերարդիական եղանակով։

11. Խոշոր շինարարությունը մայրաքաղաքի կենտրոնում արգելվելու է, փոխարենը հարկային արտոնություն է տրվելու Երևանի հարավում (ներկայում լքված) գործարանային թաղամասի կառուցապատմանը «բիզնես-սիթի» եղանակով, դրա վերականգնումը և վերադարձը քաղաքային շրջանառության մեջ՝ օգտագործելով տրանսպորտային ենթակառուցվածքների առկայությունը։

12. Քաղաքային իշխանությունը աջակցելու է Երևանի, որպես արվեստի քաղաքի համբավի վերականգնման, տարբեր վայրերում խրախուսելով դասական երաժշտության փոքր համույթների փորձերն ու կատարումը՝ արտոնելով եւ մասամբ ֆինանսավորելով կոնսերվատորիայի եւ երաժշտական ուսումնարանների սաների և անհատ կատարողների, նկարիչների եւ թատերական խմբերի ներկայացումներն ու ցուցահանդեսները։

Եվրոպական քաղաքի գաղափարը պետք է իրականացվի երեք հիմնական քաղաքակրթական հիմքերի վրա՝ դպրոց, բուժհիմնարկ, թատրոն։ Այս երեքին ենք մենք տրամադրելու մշտական եւ հատուկ ուշադրւթյունը մեր Երեւանում։

13. Երևանի կանաչապատումը լինելու է քաղաքային իշխանությունների գերակա նպատակը։ Նախապատվությունը տրվելու է ծառերի տեղական տեսակներին, ստվեր ու թթվածին ապահովող բույսերին, իսկ ծաղիկներից գլխավոր ու գրեթե մենաշնորհային տեղը տրվելու է վարդերին։ «Վարդագույն քարի քաղաք» բնորոշմանը, Երեւանը պետք է ավելացնի «կանաչ մայրաքաղաք» եւ «վարդերի թաղաք» տիտղոսը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս