Քաղաքականություն

«Մեր պարտքն է՝ հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին». վարչապետ

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը: Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ԼՂ մեր հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Լեռնային Ղարաբաղի հայության ելքն Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով շարունակվում է:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը:

Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց` այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով դե մենք դատապարտել ենք: Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է, հնարավորինս հոգատար կերպով ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները:

Այժմ կխնդրեմ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացնի այս պահի դրությամբ առկա վիճակագրությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների մասին:

Համեցեք, պարոն Խաչատրյան»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան – Շնորհակալություն, մեծարգո վարչապետ: Հարգելի գործընկերներ, այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների ընդհանուր քանակը 66 հազար 500 է: Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը, հատկապես Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը: Այս գիշեր նույնպես այդ թիվը շարունակել է աճել:

Ընդհանուր առմամբ, եթե առաջին երկու օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին հանրագումարով տեղահանվել էին 7 հազար 500 և 1500, ընդհանուր թվով՝ 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների ընդհանուր քանակը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ՝ 26 հազար 600: Այս գիշեր ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 10:00-ը տեղահանվածների քանակը կազմել է 8 հազար 100: Եվ այդ անձանց քանակը չի նվազում: Այսինքն՝ ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, շարունակում է մնալ նույնը:

Մեկ հանգամանքի վրա նույնպես ուշադրություն եմ ուզում հրավիրել: Մենք, իհարկե, աշխատում ենք այն անձանց նույնականացնել, ովքեր այդ պահին անմիջապես որևէ կարիքի անհրաժեշտությամբ դիմում են մեր պատկան մարմիններին: Մենք Գորիսում և Վայքում ստեղծել ենք մեծ կետեր, որոնք տեղավորման հարցերի ուղիղ՝ 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում: Ունենք նաև օպերատիվ տվյալներ, թե այս օրերի ընթացքում տարբեր մարզերում մեր աջակցությամբ օթևան գտած անձանց քանակը որքան է: Դրանց քանակն այս պահի դրությամբ 11 հազարի մոտ է, ընդ որում բաշխվածությունը մարզերի միջև գրեթե նույնն է, կամ որոշ քանակով ավել են, օրինակ՝ Կոտայքում, Սյունիքում օթևան գտած անձանց թիվը: Նրանք այլ մարզերում բաշխված են առավել հավասարապես:

Բնականաբար, երկու հանգամանքի եմ ուզում ուշադրություն հրավիրել և խնդրել նաև, որ տեղահանված մեր քույրերն ու եղբայրները որոշակի ըմբռնումով վերաբերվեն այն իրավիճակին, որ գուցե ոչ բոլորին են միառժամանակ առաջարկվում այն պայմանները, որ իրենց համար նախընտրելի կհամարվեն: Այս մեծ հոսքի պայմաններում շատ դժվար է լինում օպերատիվ կառավարումը: Կխնդրեմ, որ հատկապես այս օրերին, ինչ առաջարկվում է, դա ընդունենք որպես տրված հնարավորություն և օրվա խնդիրը կարգավորենք:

Մենք առաջիկայում, իհարկե, նախատեսում ենք նաև աջակցության տարբեր գործիքներով գտնել այն նախընտրելի եղանակները, որոնք տարբեր մարդկանց կարիքներին համապատասխան կլինեն: Դրանք մի դեպքում կարող են լինել զբաղվածության առաջարկներով ուղեկցվող, մեկ այլ դեպքում՝ այլ չափանիշներով ուղղորդվող, բայց մենք այդ լուծումները, պարոն վարչապետ, կարճ ժամանակում երբ օթևանով ապահովելու այս կարևոր առաջին խնդիրը կլուծենք, արդեն կանդրադառնանք նաև մնացած կարիքներին:

Եվս մեկ հանգամանք ուզում եմ առանձնացնել, մենք տեղեկացված ենք Ղարաբաղի մեր գործընկերներից, որ բավական մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունենալու պատճառով դեռևս գտնվում են Ստեփանակերտում և ունենք պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք համապատասխան ավտոբուսներ տրամադրելով: Արդեն մեր կողմից Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք դեռևս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ; Ռուս խաղաղապահների հետ համաձայնություն կա, որ ուղեկցում կապահովեն: Բայց սպասում ենք, որ ճանապարհների ծանրաբեռնվածությունը փոքր ինչ թեթևանա, որ կարողանանք այդ տեղափոխությունը նույնպես կազմակերպել այն անձանց համար, ովքեր դեռևս Ստեփանակերտում են: Ինչո՞ւ ենք մենք դեռևս հապաղում, որովհետև մինչև երեկ երեկոյան ուշ երեկոյան միջին մեքենան, որ հասնում էր դեպի Կոռնիձորի անցակետ, ճանապարհին է եղել 30-35 ժամ: Եթե մենք հիմա այդ ավտոբուսներն ուղղորդենք դեպի Ստեփանակերտ, նրանք հերթում ստիպված կլինեն ավելի քան 12 ժամ գտնվել, սպասում ենք մի քիչ երթևեկությունը թեթևանա, որ այդ անցումը կատարվի: Մեկ անգամով հնարավոր չի լինելու այդ ամբողջը կազմակերպել: Երևի երկու անգամ պետք է տեղափոխությունն արվի: Դա է նաև պատճառը, որ փորձում ենք, ըստ էության, որոշակի թեթևություն առաջանա ճանապարհին, որ կարողանանք դա արագ կազմակերպել:

Պարոն վարչապետ, ուզում եմ այս առիթն օգտագործելով ևս մեկ հանգամանք բարձրաձայնել: Շատ են մեզ դիմում ինչպես քաղաքացիներ, այնպես էլ մասնավոր կազմակերպություններ՝ խնդրելով նաև, թե ինչպես կարող են իրենց կողմից աջակցություն հասցեավորել դեպի տեղահանված անձանց կարիքների սպասարկող գործողություններ: Մենք այսօր Ֆինանսների նախարարի հետ պայմանավորվել ենք, որ օրվա ընթացքում գանձապետական նվիրաբերության հաշիվ բացված կլինի: Դրա վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախարարության կայքում: Հետևաբար, բոլոր այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, այդ տեղեկատվությունը հասանելի կլինի: Մենք նախապես հայտարարված կարգով նաև հաշվետվություններ կտարածենք, թե այդ միջոցներն ինչպես են եղել օգտագործված:

Բոլոր մազերում բացված են կենտրոններ, որոնք մեր հումանիտար կենտրոնի համակարգմամբ գործում են մարդկանց մոտ առաջացած հարցերը հասկանալու և դրանց լուծումներ տալու ուղղությամբ: Մարզպետարանները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համակարգմամբ այդ աշխատանքը տանում են 24-ժամյա ռեժիմով: Ես կխնդրեմ, որ պարոն Սանոսյանը որոշ մանրամասներ լրացնի այս հարցին և հետո, եթե հարցեր առաջանան, դրանց մասին նույնպես լրացուցիչ պարզաբանումներ կտամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան – Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ: Ինչպես պարոն Խաչատրյանը նշեց, առավոտյան 8-ի դրությամբ 10 հազար 967 քաղաքացի ունենք մարզպետարանների, համայնքների կողմից հաշվառված և տեղակայված: Դրանք հիմնականում հյուրանոցներ են, հյուրատներ, ինչպես նաև որոշակի հյուրընկալ ընտանիքներ կամ այլ շենք-շինություններ, որոնք հարմարեցված են այսպիսի կարիքների համար: Այս գործընթացն անընդհատ շարունակելով՝ մենք 64 համայնքներում իրականացնում ենք 24-ժամյա հերթապահություն, կա աշխատանքային խումբ, կան կոնկրետ անձինք, ովքեր և՛ զանգերի միջոցով, և՛ ֆիզիկապես այնտեղ են, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կարողանան սպասարկել և նրանց կարիքները հոգալ:

Իսկապես սկզբնական փուլում կար տեղակայման խնդիր, և հասկանալով, որ սա որոշակի ժամանակավոր գործընթաց է, աշխատանքային խմբի հետ այնպես աշխատեն, որ գործընթացն արագ անենք, հաշվի առնելով՝ հոսքերի մեծությունը: Խոսքը նրա մասին է, որ պարտադիր չէ Շիրակ տեղահանված մեր հայրենակիցները բոլորը Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Ամասիայում կամ Արթիկում ունենք համանման պայմաններ, կխնդրեմ իրենք համաձայնեն, մենք կկարողանանք այդպիսի բաշխվածությամբ տեղակայել, որպեսզի նաև բոլոր համայնքները ներառված լինեն այդ աշխատանքներում:

Հետագա մեր որոշումների հետ կապված, իհարկե, Կառավարությունը տարբեր ծրագրեր կիրականացնի: Մենք հիմա նաև այլ աղյուսակներով ունենք, թե կոնկրետ անձինք ովքե՞ր են, որ ովքե՞ր են հյուրանոցներում, ովքե՞ր են հյուրատներում, ովքե՞ր են հյուրընկալած ընտանիքներում, այն տներում, որտեղ քաղաքացիները պատրաստակամ են եղել, իրենց տները տրամադրել են:

ՀԷՑ-ի, գազի, մյուսների հետ աշխատում ենք, համապատասխան կարիքները հոգում և բերում ենք պատշաճ տեսքի, որպեսզի տեղակայենք: Օրվա մեջ մի քանի անգամ հեռավար նիստերի, հանդիպումների միջոցով փորձում ենք կանոնակարգել համակարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, հիմա երբ վիճակագրությունը համադրում ենք, փաստորեն բռնի տեղահանվածներից 66 հազար 500 մարդ արդեն Հայաստանի Հանրապետությունում են, բայց մենք կացարանով ապահովել ենք 10 հազար 967 մարդու: Պետք է պարզաբանել, որ բոլոր բռնի տեղահանվածներին առաջարկվում է կացարան, բայց նրանց մի մասը նախորոշված տեղեր ունեն: Համենայնդեպս, ասում են, որ ունեն կացարանի հասցեներ, որոնք գուցե իրենց հարազատներն են տրամադրում և այլն, և նրանք գնում են իրենց նախորոշած հասցեներով: Բայց մենք այդ մարդկանց հետ կապը պահում ենք, որպեսզի հետագա սոցիալական և մյուս խնդիրները կառավարենք, որովհետև հնարավոր է մարդիկ գնան իրենց որևէ հարազատի տանը, օրինակ՝ մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո ավելի հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ և այդպես շարունակ: Կամ հնարավոր է, որ մարդիկ ունենան կացարան, բայց ունենան այլ կարիքներ, ասենք՝ սննդի հետ կապված, կոմունալ վճարների վճարման հետ կապված, և նրանց հետ կապը կպահվի, որպեսզի այդ աջակցությունը նաև հասու լինի մեր քաղաքացիներին:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

2 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

3 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

5 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

6 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

6 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago