Քաղաքականություն

Ո՞վ է Արցախի քաղաքական հարցի իրավատերը. Վահրամ Աթանեսյան


Գեբելսին է, կարծեմ, վերագրվում միտքը, թե բազմիցս կրկնված սուտը ճշմարտություն է ընկալվում:

ԱՊՀ երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որին Հայաստանը, բնականաբար, չէր մասնակցում, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը դիմել է Արցախի խաղաղ բնակչությանը եւ խնդրել, որ մնան իրենց տներում:

Կեղծիքը կրկնել է Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը: Ոչ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները, ոչ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, ալիեւա-էրդողանյան այս բացահայտ սուտը չեն հերքելու:

Միավորված ազգերի կազմակերպության Բաքվի գրասենյակը երկրորդ անգամ «դիտարկում է իրականացրել,, Արցախում եւ դարձյալ »քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ չի արձանագրել»:


Բաքվի վարչախմբի լկտիությունը բոլոր սահմաններն անցնում է: Աշխատանքի եւ բնակչության սոցիալական ապահովության նախարարությունը հաղորդել է Ստեփանակերտում օթեւան ստեղծելու մասին, որտեղ «ապաստան է գտել վեց մարդ, եւս տասնմեկն օգտվել է ծառայություններից»: Վստահելի աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Ստեփանակերտում մնացել է ոչ ավելի, քան քառասուն հայ՝ հիմնականում ծեր մարդիկ, որ ցանկացել են գերեզման գտնել հայրենի հողում:

Սարսռազդու է, սակայն, ադրբեջանական գերատեսչության հողորդումը, որ «սոցիալական օթեւանը պահպանվում է ոստիկանության ծառայողների կողմից»: Փաստացի վեց ծեր մարդ իր բնակարանից բռնությամբ տեղափոխվել եւ որպես պատանդ պահվում է մի անհայտ վայրում, իսկ ադրբեջանական քարոզչությունը դա ներկայացնում է որպես «ազգությամբ հայ բնակչության խոցելի խավերի հանդեպ պետական հոգատարության դրսեւորում»:


Տեղեկատվության տարածումից օրեր են անցել, բայց Արցախի իշխանություններից որեւէ պաշտոնական արձագանք այդպես էլ չի հնչել: Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության դատարանին, ընթանում են բուռն քննարկումներ: Այդ համատեքստում տեղին եւ ժամանակին կլիներ, եթե Արցախի իշխանությունները նախ հերքեին Իլհամ Ալիեւին եւ փաստերով ապացուցեին, որ Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչությանը ոչ թե հորդորել է մնալ, այլ պաշարված մարդկանց բարձրախոսերից սպառնացել է դաժան հաշվեհարդար տեսնել, եթե չլքեն իրենց բնակավայրը:

Իսկ Ստեփանակերտում վեց տարեց մարդու փաստացի պատանդառությունը,-այլապես ինչու՞ է «սոցիալական օթեւանը» հսկվում ոստիկանության կողմից,- անառարկելի վկայություն է, որ Ադրբեջանի իշխանությունները նենգամտորեն ոտնահարում են Ստեփանակերտում մնացած հայ մարդկանց արժանապատվությունը:


Ինչու՞ Արցախի իշխանության որեւէ ներկայացուցիչ դեռեւս մամուլի ասուլիս չի հրավիրել եւ չի պատմել սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Խոսքը ներքաղաքական քննարկումների կամ կայացրած որոշումների մասին չէ: Դա բոլորովին այլ թեմա է: Արտառոց է, որ Արցախի պետական-քաղաքական շրջանակները, որ լիազորություններ մեջ են մինչեւ 2024թ. հունվարի 1-ը, ոչ մի տեղեկատվություն չեն փոխանցում Հայաստանի հանրությանը, բռնատեղահանված արցախցիներին, թե Եվլախում եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության նստավայրում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ռամին Մամեդովի հետ բանակցություններում ի՞նչ հարցերի շուրջ են պայմանավորվածություններ ձեռք բերվել կամ՝ ոչ:

Այդ հանդիպումներից հետո Բաքուն հրապարակել է Արցախի բնակչության «վերաինտեգրման ծրագիրը»: Համացանցում այն տեղադրվել է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն տարբերակներով:
Այդ «փաստաթուղթն» ընթերցում են նաեւ ռուս, ամերիկացի, ֆրանսիացի փորձագետները, վերլուծաբանները, կազմում են համապատասխան տեղեկանքներ եւ ներկայացնում ըստ պատկանելույն:

Այսպիսով ձեւավորվում է տպավորություն, որ Ադրբեջանը միջազգային պարտավորությունների եւ իր սահմանադրության շրջանակներում Արցախի հայ բնակչության համար երաշխավորում է անվտանգություն եւ քաղաքացիական իրավունքներ: Ո՞վ պետք է այդ «ծրագրին» հակընդդեմ առաջարկություններ ձեւակերպի, իրավա-քաղաքական հիմնավորումներով ամրապնդի եւ հրապարակայնացնի՝ Բաքվին առաջարկելով երկու օրակարգի շուրջ նոր բանակցություններ սկսել եւ փորձել հասնել փոխընդունելի լուծման:
Բազմիցս կրկնված սուտը, այո, հաճախ ընկալվում է որպես ճշմարտություն, եւ Բաքուն հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է:

Ո՞րն է Արցախի ընտրությունը: Հայաստանն այսօր մի անելիք ունի՝ միջազգայնացնել էթնիկ զտումների հարցը, հարյուր հիսուն հազար բռնատեղահանված արցախցիների համար ստեղծել սոցիալ-կենցաղային տանելի պայմաններ: Արցախի քաղաքական հարցի իրավատերն ո՞վ է: Արցախի գործող իշխանությունն այլեւս սպառված է:

Պետք է մտածել Ադրբեջանի հետ արժանապատիվ երկխոսություն սկսելու ունակ պրոֆեսիոնալ թիմ ձեւավորելու մասին: Արցախի հարցը միջազգայնորեն փակված չէ:Արցախի հայկական ինքնությունը պետք է պահպանվի:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

8 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

8 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

8 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

9 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

9 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

9 hours ago