Քաղաքականություն

Հնարավո՞ր է չեղարկել Արցախի լուծարման հրամանագիրը

Գուցեև մեկ ուրիշը խոսքը սկսեր այսպես. «Չես գտնի մի քաղաքացու, որին չի հուզում այս հարցը` հնարավո՞ր է չեղարկել Արցախի լուծարման փաստաթուղթը»։ Բայց խախուտ չի՞ այս պնդումը. երկրում կատարված վերջին ծանր իրադարձություններն իրո՞ք բոլորին են հետաքրքրում, թե՞ ստիպված ենք խոստովանել, որ շատերին բոլորովին չեն հետաքրքրում կամ շատ քիչ են հետաքրքրում։ Եվ այս իրողության պատճառները տարբեր են։ Ի դեպ, ում էլ հարցնես` ունի իր բացատրությունները, և դրանք այնքան շատ ու բազմազան են, ավելին` մեկը մյուսին ավելի շատ հակասում են, քան թե` փոխլրացնում։ «Ինչպե՞ս է հնարավոր մեկ ստորագրությամբ չեղարկել մի ողջ հանրապետություն» հարցը եթե օդում կախված է, առավել դժվար է դառնում այս դեպքում պատասխանել «Հնարավո՞ր է չեղարկել Արցախի լուծարման փաստաթուղթը» հարցին։ Իսկ ահա ինքը` Սամվել Շահրամանյանը, որ Երևանում է արդեն տևական ժամանակ, վերջապես ցուցարարների ճնշման տակ ստիպված եղավ խախտել «լռության ուխտը»։ Նա հայտարարեց, որ իր հրամանագիրն ուժ չունի, Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Նույնիսկ հակադարձող հարց տվեց՝ կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը տեսել է։ Եթե սա շուստրիություն է, ապա` գավառական, իսկ եթե` ոչ, ապա հաջորդ հարցն է ծագում՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հրամանագրի հռչակումը։ 

Ստեփանակերտի քաղաքապետն էլ է նույն երգը երգում՝ Արցախը հանձնված չէ, նախագահը լուծարման փաստաթուղթ չի ստորագրել։ Ստեփանակերտի քաղաքապետը նույնիսկ շատ անկեղծորեն ավելացնում է, որ ինքը հավատում է նախագահին, և լրագրողի տարակուսած հարցին` բայց պաշտոնապես հայտարարվել է դրա մասին, հավելում է, թե չգիտի` ինչի են ասել նման բան, բայց նման թուղթ գոյություն չունի։

Իհարկե, բոլորին է հասկանալի, որ եթե նույնիսկ այդ հրամանագիրը կա՝ հրաման արձակողի կամքով չի ընդունվել, և ամենակարևորը` Արցախի Հանրապետության այս ողբերգական վախճանի մեղքը բարդել միայն այդ մարդու` մեկ մարդու ուսերին. առնվազն զավեշտալի է։ Կրկնակի զավեշտալի է, երբ իշխանական որևէ պատգամավոր փորձում է էժանագին հնարքներով Շահրամանյանի դաշնակցական լինելու հանգամանքն առաջին պլան մղել։ Երևի Արցախը հանձնողի բեռի անտանելի ծանրությունն է հարկադրում իրեն և իր թիմակիցներին` շրջանառել այդ հրամանագրի լինել-չլինելու հարցն ու փորձել մեկ մեղավորով խնդիրը փակել։

Չնայած հարևնման հայտարարություններին, սահմանադրագետները, բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ հնարավո՛ր է չեղարկել հրամանագիրը, նույնիսկ ցուցանում են այն քայլերը, որոնց միջոցով կարող է չեղյալ համարվել նախադեպը չունեցող «սև թուղթը»։ Բայց այս խառնաշփոթի մեջ հաջորդ հարցն է ծառս լինում` իսկ դա ի՞նչ է տալու մեզ։

Հաճախ է պատահում մեզանում, որ կարևոր հարցը թողած` երկրորդականի շուրջ ենք աղմուկ բարձրացնում։ Երևի սև սրտի մխիթարանք կլինի, եթե Արցախի վերջին նախագահը հայտարարի, որ նման հրամանագիր չկա կամ մեկ այլ ստորագրությամբ չեղարկել է, բայց մենք փորձենք հասկանալ` այնուամենայնիվ, ի՞նչ կտա դրա չեղարկումը բռնագաղթված արցախցիներին ու հայաստանցիներին։

Մինչև հունվարի 1-ը Շահրամանյանն Արցախի նախագահ է համարվում, ըստ իր հայտարարության` չեղարկումը պետք է իրականացվի հետևյալ կերպ. Արցախի Ազգային ժողովի պատգամավորները այդ թուղթը պետք է ուղարկեն դատարան, որտեղ էլ որոշվելու է դրա օրինականությունը։ Եթե պարզվի` խախտումներ կան, կընտրվի նոր նախագահ կամ կստեղծվի մի մարմին, որը մինչև վերոնշյալ ամսաթիվը կկարողանա բանակցել Ադրբեջանի հետ, օրինակ` արցախցիների վերաբնակեցման խնդիրների մասին։ Եթե, իհարկե, Ադրբեջանը որոշի լսել և բանակցել իրենց հետ։ Ակնհայտ է, որ այդ մարմնի հետ չի ցանկանա բանակցել նաև Ռուսաստանը. այս երկրի ամենաբարձր օղակներից բազմիցս հայտարարել են, որ Արցախին առնչվող հարցերը քննարկում են և քննարկելու են Ադրբեջանի հետ։

Հասկանալի է, եթե կա նույնիսկ չնչին հնարավորություն, դա պետք է օգտագործել, սակայն պետք է նաև արձանագրել, որ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու արցախյան էլիտայի ցանկությունը շատ ուշացած է, ինչն էլ հանգեցրել է բազմաթիվ անդառնալի հետևանքների։ Պետք է արձանագրել նաև, որ սրան–նրան մեղադրելուց բացի` արցախյան էլիտայի շարքերում, նաև Հայաստանում մինչ օրս չի գտնվել մեկը, որը կասի` սխալվել են, կասի` անդառնալի սխալներ են թույլ տվել, որոնց պտուղներն էլ քաղում ենք այսօր։ 

Իսկ սխալների մասին չբարձրաձայնելն նոր սխալների սկիզբ է նշանակում։

Ասում են` հողը նրանն է, ով ապրում է այդ հողում, հետևաբար` վերաբնակեցման ծրագիրը, որն առաջարկում են Արցախի ընդդիմադիր քաղաքական գործիչները, շատ գայթակղիչ է, բայց այդ բանակցությունները կհասնե՞ն այնպիսի պողպատե պայմանավորվածության, որից հետո արցախցին` ապրել–չապրելու շատ շոշափելի վտանգից չվախենալով` կվերադառնա իր տուն։ Եթե չկա այդ վստահությունը, ապա հարց է ծագում, թե ո՞ւմ կյանքի գնով, ևս քանի–քանիսի կյանքի գնով են այս անգամ ուզում սխալվել։

Ալինա Դավթյան

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

12 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

12 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

12 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

13 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

13 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

13 hours ago