Քաղաքականություն

Քաղաքական ինքնության աղբյուրը քաղաքակրթականն է

Օրերս Ադրբեջանի խորհրդարանում ավիացիայի մասին նոր օրինագծի քննարկումներում պատգամավորներից մեկը տրանսպորտի եւ թվային տեխնոլոգիաների փոխնախարարին հարց է ուղղել, թե ինչու՞ օտարերկրյա ընկերությունները շահարգռված չեն Բաքվի հետ օդային հաղորդակցության ընդլայնմամբ:

Հետեւել է ոչ պակաս ուշագրավ պատասխան, որ Ադրբեջանը զբոսաշրջային գրավչություն չունի, իսկ աշխարհում ուղեւորահոսքերի հիմնական մասն ապահովում են շրջագայությունների սիրահարները:

Այս տեղակտվությունից մի քանի օր անց Իլհամ Ալիեւը հայտնվեց Արցախի բռնազավթված Մատաղիս ավանում եւ բացեց այսպես կոչված՝ Հանգստի պուրակ, եւ Բաքվի լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանը աշխարհին նոր զբոսաշրջային երթուղի է առաջարկում: Մատաղիսը բացառիկ տեղանքում է:

Մոտակայքում Թալիշն է՝ Գյուլիստանի մելիքության կենտրոնը՝ իր Հոռեկավանքով, իշխանական ապարանքների ավերակներով: Մատաղիսի մոտ է Եղիշ առաքելոց վանքը, Երիքմանկունքը, Ջրաբերդ ամրոցը, Վաչագան պարեպաշտ թագավորի դամբարանը, տարածքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել պատմա-մշակութային հուշարձանների, իսկ բնությունը պարզապես անկրկնելիորեն շքեղ է: Ալիեւյան վարչախումբն, ուրեմն, տարածքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու եւ աշխարհի ուշադրությունը գրավելու խնդիր ունի: Որոշակի աշխատանքներ են կատարվել Մատաղիսի ջրամբարի տեխնիկական համակարգը վերականգնելու կամ արդիականացնելու ուղղությամբ:

Առայժմ կամավոր-պարտադիր կարգով մերձակա ադրբեջանական բնակավայրերից մարդկանց կիրակնօրյա շրջագայության են տանում Մատաղիս, բայց ի՞նչ հոսք կսկսվի գալիք գարնանը եւ ամռանը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Իրողություն է, որ Ադրբեջանը նպատակադրվել է Արցախի ողջ պատմա-մշակութային ժառանգությունը յուրացնել, ներկայացնել որպես «միջնադարյան ուդի-աղվանական» եւ ոչ միայն քաղաքական, այլեւ մաքուր ֆինանսական շահ քաղել: Արցախում հաշվառված են հազարավոր հուշարձաններ, բայց ակնհայտ է, որ հազարավորներն են չեն հայտնաբերվել, չեն հաշվառվել, չեն ուսումնասիրվել: Եւ եթե մենք շարունակենք լռել, Բաքվի համապատասխան հաստատությունները ձեռնամուխ են լինելու գիտա-որոնողական արշավախմբերի կազմավորմանը, եւ պատմության կեղծարարների խմբեր են գործուղվելու Արցախ: Ամեն ինչ լայնորեն լուսաբանվելու է, կապի արդի միջոցներով դա հնարավոր է լինելու ցուցադրել ուղիղ եթերում: Այսպիսով փորձ է արվելու Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը զրկել հայկականությունից, վերագրել նրան «ուդի-աղվանական ծագում»: Բաքվում այդ մասին վաղուց են հոգացել. Ալիեւի կարգադրությամբ ստեղծվել է «ուդի-աղվանական կրոնական համայնք»:

Ղեկավար է նշանակվել Ռոբերտ Մոբելին: Նա սկզբունքորեն ոչ մի կապ չունի Ադրբեջանի միակ ուդիաբնակ համայնքի՝ Նիջի հետ, վաղուց ապրում է Բաքվում, բայց քանի որ կոչված է պետական ծառայության՝ երբեմն զգեստափոխվում եւ ներկայանում է որպես ,,ուդի-քրիստոնյա,, եւ անհայտ ծագման մի քանի «կրոնավորների» ուղեկցությամբ հայտնվում Արցախի այս կամ այն եկեղեցու կամ վանքի մոտ: Սա լրջագույն մարտահրավեր է Արցախի էթնիկ-քաղաքակրթական ինքնությանը, այն պետք է դիմակայել համատեղ՝ Հայաստանի եւ Արցախի պետական ու գիտական, հանրային եւ Սփյուռքի բոլոր կառույցների, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական երկու աթոռների ջանքերով, համակարգված, հասցեական ու թիրախային քարոզչությամբ:

Արցախի հայ բնակչությունը ենթարկվել է բռնատեղահանության: Այդ առթիվ Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ բանաձեւերում հատուկ ընդգծվում է Ադրբեջանի պարտավորությունը՝ երաշխավորել Արցախի պատմա-մշակության ծառանգությունը: Բաքուն դիմելու է բոլոր հնարավոր միջոցների, որպեսզի այդ ժառանգությունը յուրացնի: Մեր փոխարեն եվրոպական կառույցները ոչինչ չեն անելու: Նրանց հայտարարությունները քաղաքական են, ընդհանուր: Գործնական քայլեր պետք է ինքներս նախաձեռնենք: Ինչպե՞ս: Պատասխանը, բնականաբար, միանշանակ չի լինի, կհնչեն տարբեր տեսակետներ: Բայց որպեսզի դրանք լսելի լինեն, համադրվեն կամ հարադրվեն՝ ինչ-որ մեկը պետք է քննարկում նախաձեռնի: Լինի դա ակադեմիական հաստատություն, բուհի ամբիոն կամ ՀԿ, կամ, թեկուզ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ:

Առաջնահերթ է, որ ԱՄՆ եւ Եվրոպայի զբոսաշրջային ոլորտի կենտրոնները ծանուցվեն, որ Ադրբեջանից Արցախ այցերի ցանկացած առաջարկ ենթակա է մերժման: Այստեղ լուրջ աշխատանք մամուլը եւ տեղեկատվության բոլոր միջոցներն ունեն անելու, ինչպես նաեւ՝ Սփյուռքի կառույցները: Պետք է, անշուշտ, առաջնահերթ լինի դիվանագիտությունը, գործի դրվեն միջեկեղեցական ու միջկրոնական բոլոր կապերը: Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը հայկական է, Արցախի հայության սեփականությունն է եւ պետք է մնա անձենմխելի: Դա իր հայրենիք վերադառնալու՝ Արցախի հայ բնակչության իրավունքի իրացման երաշխիքներից մեկն է լինելու:

Թերեւս՝ ամենագլխավորը, որին համակարգված աշխատանքի դեպքում մենք կհասնենք միջազգային ճանաչման միջոցով: Քաղաքական ինքնության աղբյուրը քաղաքակրթականն է:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

10 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

10 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

10 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

11 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

11 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

11 hours ago