Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-օգոստոսին ապրանքային արտահանումը կազմել է 1 միլիարդ 660 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 մլն ԱՄՆ դոլարով կամ 4.6%-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը ներկայացրեց նաև արտահանման աճ արձանագրած ապրանքները․
- Կոնյակ. հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է շուրջ 137 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 19.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 16.7%-ով,
- Ծխախոտ. աճել է 4.1%-ով (կամ 6.3 մլն ԱՄՆ դոլարով)՝ կազմելով շուրջ 161 մլն ԱՄՆ դոլար,
- Պղնձի խտանյութ. արձանագրվել է արտահանման 2.5%-ով աճ (կամ 9.1 մլն ԱՄՆ դոլար),
- Անմշակ ոսկի. արտահանումը կազմել է 154 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով է 43.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 39.4%-ով,
- Երկաթամիահալվածք (ֆերոմոլիբդեն). արտահանումը կազմել է 97.2 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 26.9 մլն ԱՄՆ դոլարով կամ 38.3 %-ով,
- Շոկոլադ. արտահանումը կազմել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 2.7 մլն ԱՄՆ դոլար կամ 38.1%,
- Մրգային գինիներ. արտահանումը կազմել է 7.5 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա համեմատ 2.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 51.9%-ով,
- Ոսկերչական իրեր. արտահանումը կազմել է 28.8 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 9.3 մլն ԱՄՆ դոլար կամ 47.8%։

















