Քաղաքականություն

Իսկ դու հովի՞վ ես. Վահրամ Աթանեսյան


Մամուլն ի փառս Հայ առաքելական եկեղեցու քարոզչություն է նախաձեռնել. Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշել է չլուծարել Արցախի թեմը: Ոմանք դա իշխանության կողմից ընդօրինակելի են գնահատում եւ հորդորում, որ Երեւանում Արցախի վտարանդի կառավարություն ստեղծվի: Մանրամասնություններ չեն բացահայտում՝ այդ կառավարությունը պիտի Ստեփանակերտից տեղափոխված պաշտոնյաների՞ց կազմված լինի, թե՞ նորն ընտրվի: Իրավական կարգավորումը մի կողմ թողնենք եւ հարցնենք. մի իշխանություն, որ Պաշտպանության բանակի բենզինի պահեստը հսկելու, առկա վառելիքը կանոնակարգված բաշխելու կարողություն իսկ չի ունեցել, ինչի հետեւանքով դժոխային պայթյունին հարյուրավոր մարդիկ զոհ են գնացել, տասնյակների ճակատագիրը դեռ պարզ չէ, ավելի քան հարյուրն էլ բուժում է ստանում Հայաստանում եւ արտերկրում, բարոյական ո՞ր իրավունքով է հավակնում բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդու շահերի պաշտպանության դերի:

Գերագույն հոգեւոր խորհուրդն Արցախի թեմը չի լուծարել՝ ճիշտ որոշում է: Բայց բացատրություն ունի՞, թե քառասունչորսօրյա պատերազմից մեկ տարի առաջ ինչու՞ Արցախի թեմի առաջնորդարանը Շուշիից տեղափոխվեց Ստեփանակերտ, պատերազմից հետո թեմի առաջնորդը գործուղվեց  Միացյալ Նահանգներ, իսկ նրա փոխանորդն էլ Էջմիածին տեղափոխվեց Արցախի շրջափակման պայմաններում՝ վերջին ահաբեկչական պատերազմից ամիսներ առաջ: Հոգեւոր հոտը լքած եպիսկոպոսը բարոյական իրավունք ունի՞՝ հանդես գալու արցախահայության անունից. լրատվամիջոցներից մեկը գրել է, որ պատմության փորձով ՀԱԵ Արցախի թեմը «կարող է իշխանություն լինել»: Ինչպե՞ս: Թեմի առաջնորդն ի՞նչ լիազորություններով պիտի օժտվի, ու՞մ կողմից: Ո՞վ է բռնատեղահանված մարդկանց սոցիալական արդարացի դժգոհությունները փորձում շահագործել քաղաքական նպատակներով: 

Ո՞վ է բռնատեղահանվածին ներշնչում, որ ՀՀ անձնագրի 070 կոդն է «փոխհատուցում ստանալու միակ հիմքը» եւ ի՞նչ փոխհատուցում է ակնկալում նա: Փախստականի կարգավիճա՞կն է նրան, մեզ բոլորիս միջազգային թեկուզ շատ հեղհեղուկ, բայց, այնուամենայնիվ, մի կարգավիճակ տալիս, թե՞ ժամանակին ստացած կապույտ անձնագիրը, որ ֆորմալ առումով Հայաստանի քաղաքացիություն է ենթադրում, բայց իրականում՝ ոչինչ, որովհետեւ մենք տասնամյակներ ի վեր Հայաստանի ընտրություններին չենք մասնակցել, հարկեր չենք վճարել: Ընդհակառակը՝ Հայաստանից ենք աշխատավարձ, թոշակ եւ նպաստներ ստացել: Եւ մեր սեփականությունը ոչ թե Հայաստանին ենք թողել, այլ՝ Ադրբեջանին: Թողել ենք քաղաքներ, ավաններ եւ գյուղեր, որ հիմնովին բարեկարգվել են Հայաստանի բյուջեի, ՀՀ քաղաքացիների հարկերի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին:

Եւ հիմա ու՞մ ենք պահանջներ ներկայացնում:

Զարհուրելի է, անբնական, արգահատելի, երբ արցախցի փաստաբանի գրառումն ես կարդում, թե հարյուր հազար մարդու հարյուր հազարական դրամ հատկացվել է ոչ թե Հայաստանի պետական բյուջեի, այլ գթասիրտ երկրների հատկացրած մարդասիրական օգնության հաշվին, դեռ «մի բան էլ մնացել է, չի բաշխվել, ու՞ր է»: Նույն մարդն օրեր առաջ հայտարարություն էր արել, որ փաստաբանական գործունեությունը վերսկսում է Երեւանում, նշել գրասենյակի հասցե: Տասնյակ հազարավոր բռնատեղահանվածներ աշխատանք են փնտրում, Երեւանով մեկ ժենգյալով հացի, փախլավայի  գովազդ է: Մարդիկ փորձում են հաստատվել, ոչ մի աշխատանքից չեն խորշում: Իսկ արցախցի մտավորականը պահանջում է, որ Երեւանում շենք, միջոցներ հատկացվեն, որպեսզի ԱրՊՀ-ն վերսկսի գործունեությունը:

Երեւանում պետական եւ մասնավոր տասնյակ բուհեր կան: Արցախից բռնատեղահանված դասախոսը չի՞ կարող մրցույթի մասնակցել եւ դասախոսել՝ որտեղ թափուր հաստիք կա: Ֆեյսբուքում ատամնաբույժներ, բժիշկներ են ծանուցումներ անում, որ Երեւանում կամ մարզկենտրոն քաղաքում վերսկսել են մասնագիտական գործունեությունը: Ով պահանջված է՝ իր տեղը գտնում է: Դժվարությամբ, բայց կարողանում է հոգալ գոնե օրվա կարիքները: Դեռ չխոսենք նրանց մասին, որ ժամանակին են կարգավորել Երեւանում, մերձերեւանյան քաղաքներում բնակարանի, բիզնես-գործունության հարցերը: Հայաստանում ծագումով արցախցի տասնյակ խոշոր գործարարներ կան, որ հայրենակիցներին կարող են ոչ թե հիսուն-հարյուր հազար դրամ օգնություն, այլ մշտական աշխատանք տալ:

Ո՞վ, որտե՞ղ եւ ե՞րբ է քննարկելու այս խնդիրները:

Ո՞վ է միջազգայնացնելու բռնատեղահանվածների՝ իրենց հայրենիքում սեփականության իրավունքի հաստատման եւ ճանաչման հարցը: Հայ առաքելական եկեղեցին իր կապերով կարողանու՞մ է Արցախի պատմա-մշակութային, հոգեւոր ժառանգության նկատմամբ իրավունքը հաստատել: Արցախի իշխանությունները մինչեւ տարեվերջ լիազորությունների մեջ են: Ամսից ավելի է՝ Երեւանում են նախագահը, կառավարության անդամները, Ազգային ժողովի երեսուներկու պատգամավորները: Քաղաքական որեւէ քայլ արվե՞լ է:

Ոչ:

Ինչու՞:Եթե չեն կարող, թող հայտարարեն: Բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդ պետք է քաղաքական «հովիվ»ունենա:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ

Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…

1 minute ago

9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր

NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…

18 minutes ago

Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…

32 minutes ago

Ուկրաինան կընդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկը․ Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…

59 minutes ago

Ուկրաինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…

1 hour ago

Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…

1 hour ago