Լրահոս 24/7

Ի՞նչ նախապատմություն ունի Հռոմի ստատուտը և ի՞նչ է ենթադրում վավերացումը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հարցի նախապատմությունը՝ հիշեցնելով, որ Կառավարությունն այս նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին:

«Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ ագրեսիայով և ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն պատերազմական հանցագործություններով: Կհիշեք` Սև լճի շրջանում տեղի ունեցած հայ զինծառայողների զազրելի գնդակահարությունը և այլ պատերազմական հանցագործությունները»,- մասնավորապես ասել է Եղիշե Կիրակոսյանը:

Նա հայտնել է, որ Միջազգային քրեական դատարանն իր իրավազորությունն իրականացնում է մի շարք հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու նպատակով: Այդ հանցագործություններն են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ: Կանոնադրությունում կան նաև նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայի փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին և որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին:

Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը:

«Սրանք են հանցագործությունները, որոնք ենթակա են դատարանի իրավազորությանը: Պարզ է, որ հանցագործությունները ծանրագույն հանցագործություններ են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, նաև ագրեսիան: Ցավոք, այս նախագծի անհրաժեշտությունը կրկին վերահիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում այսօր»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը:

Նա պարզաբանել է, որ հարցը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին:Նախագծի վավերացման գործընթացը Կառավարությունն առաջարկել է իրականացնել երկու մասով:

«Կառավարությունն առաջարկել է նախ հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021 թվականի մայիսի 10-ից, և դա հիմնվում է կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը փաստացի հնարավորություն է տալիս որոշակի հետադարձ ուժ տալ կանոնադրությանը»,- նշել է նա և հավելել, որ 2021 թվականի մայիսի 10-ի ամրագրումը կապված է հայտնի իրադարձությունների հետ, երբ 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք սկսեցին ներխուժել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները:

«Բացի հետադարձորեն ճանաչելուց, նաև վավերացում է առաջարկվում: Վավերացումը, կարծում ենք, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ անդամակցել դատարանին»,- ասել է նա` ընդգծելով վավերացման կարևորությունը:

Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ նախագծի հիմնական թիրախն Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների պատասխանատվության համար նոր, լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, ինչպես նաև լրացուցիչ, կանխարգելիչ մեխանիզմ ունենալը:

Նշվել է, որ Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք ԼՂ հայերի բռնի տեղահանման գործընթացը Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո է:

Հարցին ի պատասխան` հիմնական զեկուցողն ասել է, որ խոսքը կանոնադադրությամբ նախատեսված հանցագործության մասին, որը, այո’, տեղավորվում է դատարանի իրավասությունների ներքո:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը էլ նշել է, որ մեր երկիրը համաձայնագիրը վավերացնում է այն տեսքով, որով ընդունվել է դիվանագիտական կոնֆերանսում` առանց Կամպալայի փոփոխությունների: Պատգամավորը հայտնել է, որ ագրեսիայի ու հանցագործության սահմանումներն այդ փոփոխություններով են սահմանվել:

«Ուստի, հարց է առաջանում` արդյո՞ք ագրեսիայի ու հանցագործության պարագայում մեր երկիրը չի հավակնելու դատարանի իրավազորությանը»,- հարցրել է Վլադիմիր Վարդանյանը:

Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Կամպալայի փոփոխությունները կսկսեն գործել համաձայնագրի վավերացումից հետո, քանի որ այն որոշակի ներպետական ընթացակարգերի վավերացում է պահանջում:

«Որքանո՞վ արդյունավետ կլինի այս իրավական գործիքը, հնարավո՞ր է` կրկին դատական ակտ կայացվի ու էլի չկատարվի Ադրբեջանի կողմից»,- հիմնական զեկուցողից հետաքրքրվել է Արուսյակ Ջուլհակյանն ու հիմնավորել հարցի անհրաժեշտությունը` նշելով. «Հանրության շրջանում թերահավատություն է առաջացել միջազգային դատական ատյանների կայացրած որոշումների վերաբերյալ: Լաչինի միջանցքի շրջափակման փաստով պայմանավորված և այլ հարցերին վերաբերող միջազգային մի քանի դատական ակտեր ունենք, որոնք չեն կատարվում»:

«Ճիշտ եք, ունենք միջազգային դատարանների շատ հստակ որոշումներ, որոնք անտեսվում են Ադրբեջանի կողմից:

Ցավոք, միջազգային իրավական համակարգում մեխանիզմներն անկատար են ու Դատարանի որոշումների կիրառման նկատմամբ վերահսկողությունը տարբեր մարմիններ են իրականացնում, շատ հարցեր բաց են մնում:

Որոշակի անարդյունավետություն կա, բայց միջազգային դատարանները չպետք է դիտարկենք լոկ ներպետական դատարանի կամ ներպետական դատական ակտերի տրամաբանության մեջ, քանի որ այդ դատարանների որոշումների ազդեցությունը բազմաշերտ քաղաքական ազդեցություն է ունենում»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը:

Նա հավելել է, որ հանրության տպավորությունն օբյեկտիվ է, բայց հարցին պետք է համբերատար ու երկարաժամկետ նայել:

Դատական ակտերն անմիջական էֆեկտներ չեն ունենում, բայց դա չի նշանակում, որ իրավական գործընթացներում պետք է չպայքարենք: Հիմնական զեկուցողի խոսքով Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման քայլն ինչ-որ առումով նաև քաղաքակրթական ազդակ է արժեքային առումով, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում անհրաժեշտ է համարել նախագծի ընդունումը` ներկայացնելով հիմնավորումներ:

Նա տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը ստորագրել և վավերացրել է փաստաթուղթը, և դա դիտարկում են որպես եվրոպական արժեհամակարգի և առաջատար միջազգային իրավական համակարգի կարևորագույն բաղադրատարր:

«Եզակի պետություններից մեկը, որ մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում, չի ստորագրել և վավերացրել փաստաթուղթը, Ադրբեջանն է»,- ընդգծել է նա` հավելելով, որ փաստաթուղթը ստորագրել է 131 պետություն, վավերացրել` 122-ը: Այսինքն` ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը` կեսից ավելին, այս փաստաթղթի անդամ է:

Դիմելով հանրությանը և ընդգծելով դատարանի կարևորությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այն բավական դանդաղ գործող կառույց է, և շատ արագ ու շատ արդյունավետ լուծումներ այսօր ակնկալել այդ դատարանից չենք կարող: Նրա խոսքով պատճառներն օբյեկտիվ են:

«Միջազգային քրեական դատարանի պատմության մեջ, Միջազգային քրեական դատարանին նվիրված հետազոտությունների մեջ մենք մշտապես առնչվել և առնչվելու ենք «հայ» և «Հայաստան» բառերին: Սա ոչ միայն իրավական, քաղաքական պարտավորություն է: Իմ կարծիքով սա նաև բարոյական պարտականություն է` վավերացնել մի փաստաթուղթ, որը եկել է, գալիս է հայ ժողովրդի ցավերից: Եվ գուցե այս հարցում շատ ավելի շուտ և ավելի հստակ կողմնորոշվելը մեզ հնարավորություն կտար գուցե և խուսափել որոշակի իրադարձություններից, որոնք վրա հասան»,- ամփոփելով ելույթը` ասել է հանձնաժողովի նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

13 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago