Քաղաքականություն

Իսկ դու Մաթեւոսյան կարդացե՞լ ես

2000 թվականին ընտրվեցի ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: Օլեգ Եսայանը,-նա խորհրդարանի խոսնակն էր,-երբեմն հրավիրում էր առանձնազրույցի. մանկավարժական ինստիտուտում նա իմ դասախոսն էր եղել: Մի օր հարցրեց. -Հրանտ Մաթեւոսյանը մե՞ծ գրող է:-Եսայանը, երեւի, Արցախի միակ բարձրաստիճան պաշտոնյան է, ում աշխատանքային գրասեղանին թերթ եւ գիրք եմ տեսել, բայց հարցն, այնուամենայնիվ, զարմանալի էր: Պատմեց, որ միասին Միացյալ Նահանգներ էին մեկնում, ինքնաթիռում կողք-կողքի էին նստած: Երկարատեւ թռիչքի մի պահի Մաթեւոսյանը հետաքրքվել է՝ իրենից բան կարդացե՞լ է: Եւ երբ Եսայանը խոստովանել է, որ՝ ոչ, մեծ գրողն ասել է.

«Բա ո՞նց ես երկիր ղեկավարում»: Վստահ չեմ, որ Մաթեւոսյանը հենց այդպես՝ ճակատային ու աննրբանկատ է ասել, բայց Եսայանի պատմածը ներկայացնում եմ բառացի, որ ծանոթությունն այդպես էլ չի ստացվել: Ամերիկյան ուղեւորության օրերին գրողը մեկուսի է մնացել՝ կարծես բոլորից խռով, ամեն ինչից դժգոհ: Տպավորություն ցրելու փորձ չարեցի, միայն խորհուրդ տվեցի, որ «Մեծամոր» էսսեն կարդա: Անցավ ժամանակ, Եսայանը թեմային չանդրադարձավ: Հասկացա, որ չի կարդացել: Սոցիալական մեդիան այսօր խեղդվում է Հրանտ Մաթեւոսյանից մեջբերումներով: Հարցազրույցներից մեկում ասել է, որ կորցրել է զբոսայգում նստարանի իր ընթերցողին:

Համոզված չեմ, որ Մաթեւոսյան մեջբերողները նրան իրոք կարդացել են: Քառասունչորսօրյա պատերազմը, Արցախի կորուստը, երեւի, մղում են ինչ-որ տեղ բացատրություն փնտրելու, կարդացածներից մեկը հիշեցնում է Մաթեւոսյանի խոսքը, մյուսները պարզապես կրկնում են: Ինչպես երբեք Նժդեհ չկարդացածներն են նրան իրենց «գաղափարական հայր» անվանում: Ինչու՞ էի Օլեգ Եսայանին խորհուրդ տվել, որ գոնե «Մեծամոր» էսսեն կարդա: Որովհետեւ, ինչպես հասկացել եմ, դա քաղաքական տեքստ է՝ առաջին տողից մինչեւ վերջինը: Հատկապես հեծյալ թուրքերի եւ հայ Քերականի երկխոսությունը: Հայաստանի այդ կերպարը մեր գրավոր խոսքում միակն է, թերեւս՝ ամենահավաքականը. երբ թուրք հեծյալ խումբը մի ընդգծված քամահրանքով Քերականին չի սպանում, թողնում է լույս աշխարհի մեջ շփոթված, թե արժե՞ր տքնել՝ գիտության ուժով ապացուցելու, որ երկագունդը կլոր է, մարդու մարմնին արյուն սիրտն է սնուցում, եթե Ղարաղորումի արեւելքից եկած թուրքը կյանքի փորձով գիտի, որ ձին մի պտույտ գործելով՝ վերադառնում է ելման կետին, իսկ արյան եւ սրտի կապն ապացուցում է սրի հարվածը: Հազար հինգ հարյուրամյա գրավոր խոսքի ժառանգորդ՝ Հրանտ Մաթեւոսյանը միայն 20-րդ դարում գիր ստացած ազգի հեղինակի՝ Չինգիզ Այթմատովի ճանաչվածությունը չունեցավ: Ինքը տասնամյակներ առաջ էր բանաձեւել, թե մարդ եւ անասուն հիշողությամբ են զատվում,- բայց Այթմատովի «մանկուրտ»-ը գրեթե միջազգային բառ է դարձել:

Երեկ Այթմատովի ծննդյան օրն էր: Այսօր՝ Հրանտ Մաթեւոսյանի հիշատակի: Իսկ մենք Մաթեւոսյան կարդու՞մ ենք: Իսկ մենք սոցիալական մեդիայում Մաթեւոսյանից ի՞նչ ենք ցիտում, ինչպե՞ս: -Քոնը ուրիշին չտաս,-ամենատարածված մեջբերումը, երեւի, սա է: Իսկ Քերականի եւ հեծյալ թուրք խմբի երկխոսությունը չենք հիշում: Եւ, երեւի, չկան նույնիսկ Օլեգ Եսայանի նման հետաքրքվողներ՝ իսկ Մաթեւոսյանն իրոք մե՞ծ գրող է: Բայց մեզանում Հրանտ Մաթեւոսյանի մեծության ընկալում կա՞… Մաթեւոսյան ցիտողներին հարցնենք. -Իսկ դու Մաթեւոսյան կարդացե՞լ ես:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

3 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

4 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

4 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

4 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

5 hours ago