Հայաստանի համար այսօր հրատապ է բևեռացված կապիտալի կարգավորման մեխանիզմների մշակումը

 

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հեղափոխությունից 1,5 տարի անց օլիգարխիան լավից-վատից բերվել է օրենքի դաշտ, բիզնեսը մասնակի տարանջատվել է իշխանությունից՝ իշխանավորները գրեթե չեն զբաղվում բիզնեսով, բիզնեսմենները թողել իրենց պաշտոնները․․․ Հայաստանում ստեղծվել է, ըստ էության, սահմանադրական մի վիճակ:

Այդ վիճակը, սակայն, չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Այսինքն՝ այդ վիճակն ինքնին չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Բանն այն է, որ այս ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի գերկուտակում մի քանի շրջանակների, այսպես ասած՝ «կլաստերների» ձեռքում: Այստեղ կենտրոնացած է մեծ քանակի կապիտալ և ռեսուրսներ: Կուտակման ճանապարհները տարբեր են եղել, սկսած առաջին միլիոնի դիլեմայից, մինչև հետագա միլիոններ կամ միգուցե միլիարդներ, ինչպես ասվում է որոշ մարդկանց դեպքում: Ինչքան էլ տեղի ունենա սահմանադրական հարթեցում և մրցակցայնացում, առաջանում է մեկնարկային պայմանների խնդիր, որում բնականաբար առաջատարը, ընդ որում՝ անվիճելի, բացարձակ առաջատարը հանդիսանում են քրեաօլիգարխիկ տնտեսության «կլաստերների» ներկայացուցիչները:

Մինչ այդ, ընդհանրապես հարկ է նկատել, որ կապիտալի ուժն ու իշխանությունն աշխարհում անտեսելն անհնար է բոլոր երկրներում, անգամ սահմանադրական և իրավական: Ի վերջո, կան օբյեկտիվ իրողություններ, հատկապես տեխնոլոգիաների զարգացածության դարում, որտեղ կապիտալը մեծ հնարավորություններ է տալիս հանրային կյանքի վրա ազդելու համար: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում է նաև տնտեսվարումը: Կապիտալի գերկուտակումը Հայաստանում մի շարք մարդկանց հնարավորություն է տվել ու տալիս ցանկացած բիզնեսի հարցում ունենալ պոտենցիալ մրցակիցներին, այսպես ասած, հենց «օրորոցում խեղդելու» հնարավորություն: Այսինքն, եթե ստեղծվում է տնտեսական և քաղաքական իրավահավասարություն, միևնույն է՝ առաջանում է տնտեսագիտական չգրված կանոնների համաձայն մրցակիցներին կապիտալի ուժով չեզոքացնելու խնդիր: Ու քանի որ Հայաստանում գերկուտակումը կամ կապիտալի բևեռացումը բավական մեծ ծավալների է հասել, այդ խնդիրը, հետևաբար, բավական սուր է արտահայտվելու, սովորականից ավելի սուր:

Այսինքն՝ մրցակցային հավասար միջավայրը Հայաստանի դեպքում արդեն շատ ուշացած և անբավարար մեթոդ է՝ հասարակական ստեղծագործական պոտենցիալը բացելու և զարգացման հիմքում դնելու համար:

Ուրեմն ի՞նչ անել․ Հայաստանի համար այսօր հրատապ է ԲԵՎԵՌԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, առանց որի զարգացումն անհնար է անգամ բյուրեղյա մաքրության մրցակցա-իրավական միջավայր ձևավորելով: Իսկ ինչպե՞ս կարգավորել այդ կապիտալի վարքը: Դա, իհարկե, ամենաբարդ հարցն է, որովհետև այստեղ իրավիճակը շատ մոտենում է «կուլակաթափության» խնդրին:

Այն, որ Հայաստանում շատ ոլորտներում անհրաժեշտ է ազգայնացման գործընթաց՝ Հայաստանի ներկայիս վիճակից ավելի ու ավելի անայլընտրանք է դառնում: Պետք է քննարկվի իհարկե, թե ինչ ծավալներ պետք է ունենա ազգայնացման գործընթացը, որ ոլորտներում ինչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը՝ ի դեմս պետության:

Այստեղ յուրաքանչյուր ընկերության առումով անհրաժեշտ է կոնկրետ որոշում: Սակայն հարցը հենց այն է, թե ինչպիսին պետք է լինի փոխհատուցումը: Հայաստանում մասնավորեցման և սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել ակնհայտ հանցագործություններով: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ ամենի արդյունքում ձևավորվել են կարծր իրողություններ: Այդ իրողությունները քանդելը կարող է հանգեցնել թեկուզ ժամանակավոր տնտեսական ցնցումների: Այդ ցնցումների ուժը հաշվարկելը չափազանց բարդ ու դժվարին գործընթաց է, որովհետև սխալ հաշվարկելու դեպքում հնարավոր է ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանել:

Բանը, սակայն, միայն ազգայնացման անհրաժեշտությունը չէ: Խնդիրը ընդհանրապես առկա է հասարակությանը տնտեսվարման, ներդրումների հնարավորություններ ապահովելու տեսանկյունից: Ինչպե՞ս անել, որ կապիտալն իրենով չխեղդի այլոց: Չէ՞ որ կարող են լինել ավելի հնարամիտ, ճկուն և շնորհալի բիզնեսմեններ, որոնք սակայն կապիտալի հետ անհավասար մարտում տանուլ տան հիմնավորապես՝ անգամ օրենքով բոլոր պայմանների հավասարությունն ապահովելու դեպքում: Տնտեսությունն այս տեսանկյունից է նուրբ երևույթ, որ գրված օրենքներից զատ, ենթակա է նաև չգրված օրենքներին: Այ հենց դա է խնդիրը՝ ինչպես գրված օրենքներով կարգավորել չգրվածներն այնպես, որ մի կողմից ցնցում առաջացնող կուլակաթափություն չլինի, մյուս կողմից էլ կուտակված կապիտալը չշարունակի խեղդել այլոց հնարավորությունները: Հակառակ դեպքում, ոչ մի նշանակություն չկա մրցակցային հավասարության ապահովման մեջ, որովհետև արդեն իսկ կա մեկնարկային անհավասարության ցցուն իրողություն:

Պետականության կայացման գործընթացի հաջորդ քայլը Հայաստանում որևէ մեկին չի հաջողվելու անել, Հայաստանին չի հաջողվելու անել, եթե գոնե բանաձևի տեսքով չգտնվեն այս հարցերի պատասխանները:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago