Ստեփանակերտից բռնատեղահանված մի տիկին ֆեյսբուքում դիտարկել է, որ Հայաստանում ամենուր շինարարական բում է, կառուցվում են տներ, թաղամասեր եւ հարցադրում արել. «Իսկ կառավարությունն ինչու՞ չի գնում այդ բնակարանները եւ չի հատկացնում արցախցիներին, թող որ՝ ոչ սեփականության իրավունքով, որպես սոցիալական կեցավայր»:
Նրան հասկանալ կարելի է. ամբողջ կյանքն ապրել է թեկուզ փոքր, բայց կոլորիտային քաղաքում եւ մարզերում հաստատվելու ցանկություն, բնականաբար, չունի: Կամ, գուցե, կհամաձայնի ապրել երեւանամերձ քաղաքում:Արտառոցը նրա գրառմանը մեկ այլ ստեփանակերտցի տիկնոջ մեկնաբանությունն է. «Ոչինչ, մենք էլ կգնանք Մարիուպոլ, այնտեղ կառուցում եւ անհատույց նվիրում են»:
Կարդում ես եւ աչքերիդ չես հավատում: Սա ի՞նչ է, հուսահատության ճի՞չ, թե՝ ցինիզմից անդին վերաբերմունք մի երկրի հանդեպ, որ «մայր Հայաստան» էր կոչվում դեռ երեկ: Ի՞նչ բաորյական ավերումի է ենթարկվել մեկնաբանության հեղինակը: Ի՞նչ Մարիուպոլի մասին է խոսքը: Մարիուպոլն ուկրաինական քաղաք է, որտեղից ուկրաինացիները բռնագաղթել են ճիշտ այնպես, ինչպես՝ ստեփանակերտցիները, Արցախի ողջ հայությունը:
Եւ այսօր, այո, Ռուսաստանի իշխանությունները մարդկանց հրապարում-հրավիրում են Մարիուպոլ: Նրանց պետք է, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուս, ռուսախոս մարդիկ բնակվեն: Բայց չէ՞ որ նույն «տրամաբանությամբ էլ Ալիեւն է ցանկանում, որ Արցախի հայկական քաղաքներում, ավաններում եւ գյուղերում ադրբեջանցիներ բնակվեն, հայկական հետքը ջնջվի:
Եթե ստեփանակերտցի տիկինը գրեր, որ պատրաստ է վերադառնալ եւ ապրել իր տանը՝ ինչ կարգավիճակում էլ լինի, նրան կարելի էր հասկանալ:Բայց նա խոսում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում բնակվելու պատրաստակամությունից: Սա աղետ է: Աղետ է, երբ արցախցի երիտասարդը Ստավրոպոլից սոցիալական հարթակ է մտնում եւ գուժում, որ «Արցախն ընկավ, վաղը կընկնի Սյունիքը»- եւ կոչ անում «համախմբվել եւ իշխանության բերել հայրենասեր ուժերի»:
Նա ինչու՞ է մոռանում, որ Արցախի աղետին նախորդել է Ստեփանակերտում ազգային-հայրենասիրական ուժերի իրականցրած իշխանափոխությունը:
Ստեփանակերտցի հարգելի տիկինն ինչու՞ է բարձրացնում Մարիուպուլում հաստատվելու թեման: Դա, ամենայն հավանականությամբ, հուզական պոռթկում չէ: Բռանտեղահանված արցախցիների հետ անգամ թռուցիկ շփումներից շատ կայուն տպավորություն ես ստանում, որ նրանց հետ «հետեւողականորեն աշխատում են»:
Սոցիակական ցանցերում »թափառիկ սյուժեներ» են տարածվում հանրային տրանսպորտում բարբառով խոսելու դեմ երեւանցիների բողոքի, արցախցիների հանդեպ նույնիսկ տաքսու վարորդների անբարյացկամ վերաբերմունքի մասին:
Որքանո՞վ են իրականությանը գոնե մոտ այդ պատմությունները: Կարող եմ անձնական օրինակով ասել. Հասարակական տրանսպորտ լինի, թե տաքսի՝ երբեք չի եղել դեպք, որ մեկն ինձ բարբառով խոսելու համար դիտողություն անի կամ ցույց տա, թե «ղարաբաղցիներից զզվում է»:
Թոռներս դպրոց են հաճախում, ունեն ընկերներ, շատ հաճախ հյուր են գնում, մեր վարձով բնակարանում հյուընկալում երեւանցի իրենց դասընկերներին, բակում ֆուտբոլ են խաղում: Փոքրիկը մանկապարտեզ է հաճախում եւ՝ ոչ մի դժգոհություն:
Բացառություններ, ինչ խոսք, կարող են լինել: Բայց անգամ Ստեփանակերտի նման փոքր քաղաքում մի թաղամասի եւ մյուսի միջեւ նման դեպքեր լինում էին:
Չխոսած գյուղից քաղաք եկածների նկատմամբ վերաբերմունքից: Հանրային քիչ թե շատ հեղինակություն ունեցող մարդու խնդիրը ոչ թե չեղած «կրակին յուղ լցնելը» պիտի լինի, այլ՝ հորդոր հղելը, հանդուրժողականության օրինակ ծառայելը: Ստեփանակերտից բռնատեղահանվածների դեպքում, կարծես, հակառակն է:
Հ.Գ. Ըստ «օդում կախված լուրերի»՝ Երեւանում շինարարական բիզնես ունեն նաեւ Արցախի նախկին պաշտոնյաները, արցախցի գործարարները: Չէի՞ն կարող նրանք Հայաստանի կառավարությանն օրինակ ծառայել եւ հայտարարել, որ իրենց կառուցած, դիցուք, հիսուն բնակարանից հինգն անհատույց նվիրում են զոհված զինծառայողների ընտանիքներին: Ստեփանակերտցի տիկինը կարող էր, չէ՞ նաեւ նրանց դիմել:
Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…