Լրահոս 24/7

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ձգձգվող մի շարք գործերի ընթացքը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի` Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել՝

  • Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին,
  • Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին,
  • Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործերով:

Ընդ որում, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ընդգծել են, որ իրենց համար ընդունելի չէ տեղեկատվության փոխանցումն ու հրապարակումը տեսանյութի/ռեպորտաժի ձևաչափով և խնդրել են համապատասխան տեղեկատվությունը տրամադրել «տեղեկանքի» ձևաչափով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ Դատական դեպարտամենտի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվությունը՝ պահանջված ձևաչափով։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին վերաբերող քրեական գործ
Մեղադրանք
Արմեն Գրիգորյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել: 
Գործի ընթացք
29.06.2022թ. քրեական գործը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Քրեական գործով առկա դատակոչի ցուցակում ներկայացված են եղել 1 մեղադրյալ, 8 վկա:
Սույն քրեական գործի տևողությունը առաջին ատյանում կազմել է 1 տարի 5 ամիս 19 օր, դատական նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 25 օրը մեկ անգամ:
Գործի ողջ քննության ընթացքում նշանակվել է 22 դատական նիստ, բնականոն ընթացքով կայացել են 20 դատական նիստեր և 2 դատական նիստեր «չեն կայացել» (նշված նիստերը «բացվել–փակվել են» կամ նիստի ընթացքում քննությանը օժանդակող գործողություններ չեն կատարվել): Այսպես.

  • դատական նիստերից մեկի «չկայացման» պատճառը եղել է դատախազի ծանրաբեռնվածությունը, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 18 օր ժամկետով,
  • մյուս դատական նիստը «չի կայացել» պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով) և Արմեն Մաշինյանի (առողջական վիճակով պայմանավորված) պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 8 օր ժամկետով:

Այսպիսով, 1 տարի 5 ամիս 19 օր տևած գործի քննությունից «կորսվել է» 26 օր:
Հարկ է նշել, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակվել է վճիռը, որով մեղադրյալ Արմեն Միխայիլի Գրիգորյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (արարքի կատարման ժամանակ գործած ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) նախատեսված հանցանքում և պատիժ չի նշանակել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ։
Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 15.03.2024 թվականին մակագրվել դատական կազմին (նախագահող դատավոր՝ Սևակ Համբարձումյան, դատավորներ՝ Մ. Մելքոնյան և Լ. Հովհաննիսյան): 04.04.2024թ.-ին նշանակված դատականի նիստը չի կայացել նախագահող դատավորի՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով) և հաջորդ դատական նիստը նշանակվել է 08.05.2024թ.:

Հարկ է ընդգծել նաև, որ սույն ուսումնասիրությունը, ինչպես նաև նախկինում Դատական դեպարտամենտի կողմից ուսումնասիրությունները վերաբերել են ողջամիտ ժամկետների պահպանմանը: Սակայն հաշվի առնելով, որ «Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվել է նաև Արմեն Գրիգորյանի՝ կալանավորման ընթացքում առողջական խնդիրներին վերաբերող հարցեր, ապա տեղեկացնում ենք, որ թե գործի քննության մինչդատական և թե դատաքննության փուլում դատարանին հայտնի չի եղել որևէ փաստ Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների մասին. որևէ միջնորդություն կամ որևէ տեղեկատվություն որևէ փուլում դատարանին չի փոխանցվել: 

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին վերաբերող քրեական գործ
Մեղադրանք
Մամիկոն Լևուշի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Գործի ընթացքը
26.05.2022թ. քրեական գործը ստացվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Մ.Արզումյանյանին։ Դատավոր Մ. Արզումանյանը նշանակել է 2 նիստ, որից 1-ը չի կայացել և 19.08.2022թ. որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին: Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում ստացվել է 01.09.2022թ. և մակագրվել դատավոր Ս.Դադոյանին։

Սույն քրեական գործը Հակակռուպցիոն դատարանում քննվում է շուրջ 1 տարի 7 ամիս, նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 17 օրը մեկ անգամ: Ներկայումս գործի քննությունը գտնվում է վկաների հարցաքննության փուլում:
Քրեական գործով դատակոչի ենթակա են 3 մեղադրյալ և 30 վկա:
Հակակոռուպցիոն դատարանում գործի քննության ընթացքում նշանակվել է 35 նիստ, որից չեն կայացել կամ բացվել, սակայն չեն կայացել ու հետաձգվել են թվով 12 նիստ։ Այսպիսով՝

  • Դատավորի պատճառով չի կայացել թվով 5 նիստ (3-ը՝ դատավորի անաշխատունակության, 1-ը՝ դատավորի ծանրաբեռնվածության և ևս 1-ը՝ դատավորի կողմից դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով), որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 2 ամիս 8 օր ժամկետով,
  • 3 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 47 օր ժամկետով,
  • 2 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է մեղադրյալ Ս.Աբովյանի ՀՀ տարածքից դատարանի թույլտվությամբ բացակայելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 20 օր ժամկետով,
  • 1 դատական նիստ չի կայացել մեղադրյալ Ասլանյանի բժշկական կենտրոնում գտնվելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով,
  • 1 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով։

Այսպիսով, տարբեր պատճառաբանություններով պայմանավորված կորսվել է 3 ամիս 29 օր, իսկ ընդդատության փոփոխությամբ պայմանավորված՝ 3 ամիս, ընդհանուր՝ 6 ամիս 29 օր:

Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործ
Մեղադրանք
Թվով 4 անձի (Սուրեն Մանուկյան, Արմեն Քամալյան, Մուրադ Մուրադյան, Թաթուլ Պողոսյան) մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2022 թվականի հուլիսի 27-ին առևանգել են Գրիշա Քոքոբելյանին, տեղափոխել վարձակալած բնակարան, այնտեղ պահել 5 օր։ Նրա որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, պահանջել են որպես փրկագին՝ 3 մլն դոլար, ստացել են 40․000 դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Գործի ընթացքը
25.07.2023թ. քրեական գործը ստացվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին:
31.07.2023թ. նշանակված դատական նիստի ընթացքում դատավոր Սամվել Մարդանյանը հայտնել է ինքնաբացարկ: 
01.08.2023թ. քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Նարեկ Բադալյանին, սակայն դատավորի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով 07.08.2023թ. քրեական գործը մուտքագրվել է «Դատական համակարգ» համակարգչային ծրագիր և կատարվել է գործի վերաբաշխում: Նույն օրը քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին:

Դատավոր Ռուշանյանը շուրջ 5 ամիս քննելով գործը հայտնել է ինքնաբացարկ, քանի որ քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալ Սուրեն Մանուկյանը թույլ է տվել այնպիսի վարքագիծ, որը հիմք է հանդիսացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման, դատավորի նկատմամբ արատավորող տեղեկություններ հրապարակելու առնչությամբ և դատավոր Սերժ Ռուշանյանը ճանաչվել է տուժող: Ստեղծված իրավիճակում, դատավորը հայտնել է ինքնաբացարկ՝ հաշվի առնելով մեղադրյալ Սուրեն Մանուկյանի հետ հակադիր անձնական շահերի առկայությունը և օբյեկտիվ ու անաչառ դիտորդի մոտ դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցելու հանգամանքը:

23.01.2024թ. տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և քրեական գործը էլեկտրոնային համակարգով մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին: 
Այսպիսով, սույն քրեական վարույթով նշանակվել են թվով 13 դատական նիստեր, որոնցից՝

  • 1 դատական նիստ նշանակվել է դատավոր Սամվել Մարդանյանի,
  • 1 նիստ նշանակվել է դատավոր Նարեկ Բադալյանի,
  • 8 նիստ` դատավոր Սերժ Ռուշանյանի,
  • 3 նիստ` դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից:

Դատավոր Սերժ Ռուշանյանի կողմից դատական նիստերը միջինում նշանակվել են յուրաքանչյուր 20 օրը մեկ անգամ, իսկ դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ:
Սասուն Մխիթարյանի վարույթում գործը քննվում է շուրջ 2,5 ամիս, որի ընթացքում նշանակվել է թվով 3 նիստ, որոնք կայացել են:

Այսպիսով, սույն գործը դատարանում քննվում շուրջ 8,5 ամիս, որից 5 ամիսը «կորսվել է» մեղադրալի կողմից դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և արատավորող տեղեկություններ հրապարակելու հիմքով պայմանավորված:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago