Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում մայիսի 21-ի վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ Տեղում աշխատողները լրատվամիջոցին փոխանցել են, որ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։
Նշվում է, որ Կիրանցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման հետևանքով Կիրանցում այլընտրանքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կա։
Կառավարությունից հայտարարել են, որ այլընտրանքային ճանապարհը կառուցվելու է 2-3 ամսվա ընթացքում։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտնել էր, որ Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։