Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:
Ողջունելով Դարիգա Նազարբաևայի այցը Հայաստան՝ վարչապետը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնական փոխշփումների ակտիվացումը վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին, և Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը, բարձր գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը և երախտագիտություն հայտնել ԼՂ հակամարտության հարցում Ղազախստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Խոսելով առևտրատնտեսական կապերի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա է դրանք խորացնելու մեծ ներուժ թե՛ երկկողմ ծրագրերի միջոցով, թե՛ ԵԱՏՄ շրջանակում:
Դարիգա Նազարբաևան նշել է, որ տպավորված է Հայաստան իր առաջին այցով, և Ղազախստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, ինչին նպաստում են նաև միջխորհրդարանական ակտիվ կապերը: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահության կապակցությամբ, որի ընթացքում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել են առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում ԵԱՏՄ զարգացման համար: Դ. Նազարբաևայի խոսքով՝ Ղազախստանը հետաքրքրված է երկրի տնտեսությունում Հայաստանից ներդրումների ներգրավմամբ, և երկկողմ գործակցության համար հեռանկարային կարող են լինել արհեստական բանականության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գիտության և մի շարք այլ ոլորտներ:

















