Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Թուրքիայի ռազմական նոր կցորդի հետ գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպման մասին:
Գեներալ Գաֆար Գյորենն այդ պաշտոնում փոխարինում է գեներալ-մայոր Սոներ Օրուչօղլունի, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ ռազմական համագործակցության ոլորտում նոր հեռանկարները, ինչպես նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
Ուշագրավ է, որ Թուրքիան Բաքվի դեսպանատան ռազմական կցորդի ռոտացիա է իրականացնում Բաթումում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումից հետո, որի ընթացքում շոշափվել են նաեւ տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր:
Թուրքիայի ռազմական նոր կցորդի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին տեղեկատվությանը զուգահեռ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Նախիջեւանում տեղակայված իր ստորաբաժանումների ուղղությամբ սեպտմբերի լույս 12-ի գիշերը «Հայաստանի ԶՈՒ կողմից հրաձգային զենքից արձակված կրակոցների» մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան














