Լրահոս 24/7
17.09.2024

Դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր

Դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:

Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:

«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը:

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար:

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:

«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը:

Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:

Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:

«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:

Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ:

Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ:

Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը