Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 26-ին դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև միջադեպ գրանցվեց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, պաշտպան Պողոսյանը ներկայացնում էր մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի հիմքերը, որի ընթացքում դատախազ Բաղդասարյանը առարկեց կողմի գործողությունները, որից հետո լեզվակռիվ տեղի ունեցավ դատախազի և պաշտպանի միջև:
Ստեղծված իրավիճակից ելնելով, դատավոր Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո դատարանը արձանագրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից թույլ են տրվել դատական նիստի կարգը խախտող գործողություններ, մեղադրողը և պաշտպանը չեն ենթարկվել այդ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ դատարանի պահանջներին, ինչով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ:
«Այդ կապակցությամբ դատարանը Միհրան Պողոսյանին և Գևորգ Բաղդասարյանին հայտարարում է նկատողություն»,- ասաց Դանիբեկյանը:
Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ:
Ավելի վաղ, Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունները` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև մերժել էր ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը: