Հասարակություն

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝ 18 երկրից: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է երիտասարդ դեսպաններին՝ կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ միասնաբար քննարկելու ամենակարևոր խնդիրների լուծման ուղիների շուրջ պատկերացումները:

«Շատ եմ կարևորում ձեր դերը, քանի որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաճախ կարիք է լինում հասկանալու նաև այլ երկրների փորձը, մեզ համար կիրառելի տարբերակները՝ այս դեպքում վերաիմաստավորելով սփյուռքի ներուժը, որպեսզի կարողանանք մեր գործողություններն ուղղել դեպի կարողությունների զարգացում և դրա համար պայմանների ձևավորում»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է նախօրեին «ՔՈԱՖ» հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում համայնքային կյանքի զարգացմանն ուղղված ՍՄԱՐԹ կենտրոնի բացմանը: Այն, ըստ նախարարի, նմանատիպ ծրագրերի միջոցով սփյուռքի՝ մեր պետության զարգացման մասը դառնալու օրինակելի գործընթաց է:

Նախարարը նշել է նաև, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում այժմ բարեփոխումների ակտիվ փուլ է՝ ուղղված թե՛ ենթակառուցվածքների, թե՛ բովանդակության բարելավմանը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է սփյուռքի կրթամշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերին: Ընդգծվել են սփյուռքում գործող կրթամշակութային կառույցներին հատկացվող նոր դրամաշնորհային ծրագրի կարևորությունը, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի տրամադրման և առցանց հարթակում դրանց հասանելիության, ՀՀ բուհերում ու քոլեջներում ուսանողների կրթության ապահովման և այլ շարունակական ծրագրերը:

«Ձեր՝ որպես սփյուռքի երիտասարդ դեսպանների ամենակարևոր գործիքակազմերից մեկը պետք է լինի իրազեկվածության ապահովումը՝ ուղղորդելու այն մարդկանց, որոնց համար իրականացվող ծրագրերը կարող են լինել իրապես վճռորոշ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Երիտասարդ դեսպաններին ներկայացվել են նաև հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացները, մասնավորապես՝ Մատենադարանում կազմակերպված Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը, ըստ նախարարի, մեծ հաջողություն է ունեցել, և նպատակ կա այն դարձնելու ամենամյա: Պետական աջակցությամբ նախատեսվում է ընդլայնել արտերկրում հայագիտական կենտրոնների ցանկը, ինչպես նաև անցկացնել հայագիտական կենտրոնների կոնֆերանս:

Հանդիպման ընթացքում ներկաները նախարար Ժաննա Անդրեասյանին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են դասագրքերի առավելագույն հասանելիության ապահովմանը, համաժողովների մասին իրազեկվածության բարձրացմանը, սփյուռքի համայնքների հետ համագործակցության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին, սփյուռքում հայկական մշակույթի հանրահռչակման գործիքակազմերին, Հայաստանում կրթական հաստատությունների քաղաքաշինական անվտանգության ապահովմանը, երիտասարդ դեսպանների ներուժի իրացմանը թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի կրթամշակութային կյանքի զարգացման գործընթացում և այլն:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

2 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

2 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

2 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

3 hours ago

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը…

3 hours ago

«Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին». Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել…

3 hours ago