Լրահոս

«Մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը». Կաթողիկոս

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ նախանձախնդրորեն գործել է իբրև ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատվո նախագահի նոր հանգամանքով պետք է շարունակի իր նվիրյալ ծառայությունը բերել Միությանն ու հայ ժողովրդին։

Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակությամբ ընդգծեց նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգօգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդությունն ի նպաստ Բարեգործականի առաքելության արգասավորման։

ՀԲԸՄ նախագահությունը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց տիար Սեմ Սիմոնյանին։ Անդրադառնալով նոր սերնդի կրթության և տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում տիար Սիմոնյանի նշանակալի ավանդին՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինս նույն նախանձախնդրությամբ ու մեծ փորձառությամբ կղեկավարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ Բարեգործականի ավանդներին, նոր ձեռքբերումներով կպայծառացնի նվիրական հաստատության դարավոր բարի համբավն ու հեղինակությունը։

Իր խոսքում Հայոց Հովվապետը, անդրադառնալով ՀԲԸՄ հայրենաշեն և եկեղեցանվեր գործունեությանը, ի մասնավորի նշեց․ «Բոլոր ժամանակներում, հատկապես մեր ժողովրդի համար ծանր և փոթորկալի իրավիճակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, համաձայն Միության հիմնադիրների տեսիլքի, իր կարելիություններն ի սպաս է դրել ազգիս կարիքավոր զավակների հոգածության ու խնամքի համար։ Միությունը հայության ու հայրենյաց կյանքի անհրաժեշտություններից ելնելով հետագային առանձնակիորեն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփյուռք-Հայաստան կապերի սերտացմանը և մեր ժողովրդի ինքնության պահպանմանը»։

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին, թե՛ խորհրդային տարիներին և թե՛ անկախ պետականության վերահաստատումից հետո, ինչպես նաև գովարժան ծրագրեր իրականացրել հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շենացման ու զորացման։

«Վերջին շրջանի աղետալի իրադարձությունների պայմաններում Միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայորդիներին։ Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնություններ ևս իրականացվում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության, նրա անդամների սիրահոժար հանձնառությունների շնորհիվ»,-նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Միության սատարումով Հայաստանում գործող Հայորդյաց տներում հազարավոր երեխաներ բացահայտում են իրենց ունակություններն ու շնորհները, կրթվում և դաստիարակվում ազգասեր ու հայրենանվեր ոգով։

Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին․ «Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփյուռք հարաբերությունների բնականոն զարգացման, առկա լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և ազգային ինքնության պահպանման համար, առաջնահերթություններ, որ մշտապես եղել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեության առանցքում»։

Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պիտի շարունակի ջանքեր գործադրել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ՝ օգտակար ծառայություններ մատուցելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին ու հայրենիքին։

Վերջում Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Միության Հոգաբարձուների խորհրդի և կենտրոնական վարչության անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրյալի զորակցությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն իր պատվական առաքելության և օրհնյալ ծառայության ճանապարհին։

Թիվ 1

Recent Posts

Նոր սկանդալ Մբապեի շուրջ. ֆուտբոլիստը անուղղակի մեղադրում է ՊՍԺ-ի ղեկավարությանը

Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում էր Կիլիան Մբապեն, բռնաբարության հետաքննություն է սկսվել։ Ավելի վաղ հայտնի…

1 hour ago

Փաշինյանն Ալիևին առաջարկել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան. Խանդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա…

1 hour ago

Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը.ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը. Radar Armenia-ն այս մասին…

1 hour ago

«Մարդ կա՝ իր նեղ անձնական շահը գերադասում է հանրային շահին». Տիգրան Ավինյան

«2022թ. սեպտեմբերի 27-ից նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, նախորդ տարի հոկտեմբերից Երևանի քաղաքապետն եմ։ Խնդրում եմ…

1 hour ago

Բրիտանուհին դարձել է ամենաերիտասարդ կինը, որը նվաճել է աշխարհի 14 ամենաբարձր գագաթները

23-ամյա բրիտանուհին դարձել է ամենաերիտասարդ կինը, որը նվաճել է աշխարհի 14 ամենաբարձր  գագաթները: Ադրիանա Բրաունլիի վերջին նվաճումը գրանցվել…

2 hours ago

Կրեմլը պնդում է՝ չեն պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին

Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և չի պատրաստվում դա անել. hայտարարել է ՌԴ նախագահի…

2 hours ago